Կարևոր իրադարձություններ

ՀՀ ճանապարհներին 10 օրից նոր նշաններ կհայտնվեն

19 Հունվար, 2023 14:05
 ՀՀ ճանապարհներին 10 օրից նոր նշաններ կհայտնվեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշումն է ընդունվել, որով Հայաստանի ճանապարհային դեպարտամենտի ներկայացրած որոշման նախագծով Հայաստանի ճանապարհային երթևեկության նշանները կհամապատասխանեցնվեն ԵԱՏՄ «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտներին։

Դրանով առաջիկայում նախատեսվում է անկյունագծային հետիոտնային երթևեկություն ունեցող խաչմերուկներում կիրառել 2 նոր նշաններ, որոնք Հայաստանում նախկինում չեն եղել։

Բացի այդ, անկյունագծային հետիոտնային երթևեկության վայրում հետիոտնային անցումը կգծանշվի նոր ձևով։

Մեկ այլ կետով առաջարկվում է համապատասխան տեղերում տեղադրել «Էլեկտրոմոբիլների լիցքավորում» նշաններ:

Նոր նշաններ տեղադրելուն զուգահեռ առաջարկվում է ՀՀ ճանապարհային երթևեկության նշանների շարքից հանել «սպասարկման» խմբի 34 այնպիսի նշաններ, որոնք մեր երկրում գրեթե չեն կիրառվում։

Դրանք են. «Թանգարան», «Օդանավակայան», «Խարույկ», «Խաղահրապարակ», «Նետաձգություն», «Քարանձավախուզում», «Մագլցում» , «Ժայռամագլցում», «Աստղադիտում», «Ձիավարություն», «Դահուկավազքի արահետ», «Լեռնադահուկային արահետ», «Չմշկավազք», «Սլայդինգ», «Սնոբորդինդ», «Ձյունագնաց», «Արջերի դիտում», «Թռչնադիտում», «Եղնիկների դիտակետ», «Բույսերի (ծաղիկների) դիտում», «Կիրճի մուտք», «Դիտակետ», «Ջրասուզում, «Ձկնորսություն», «Կայակինգ», «Ջրային դահուկ», «Հեծանվանավակ», «Մոտորանավակ», «Ռաֆթինգ», «Լողալու թույլատրելի ափ», «Վինդսրֆինգ», «Գիշերակացի ծածկ», «Բացօթյա սնվելու վայր» և «Բացօթյա սնվելու վայրի շվաքարան» նշանները։

Ընդունված նոր կարգավորումների արդյունքում, դրա հեղինակների համոզմամբ, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրական ակտերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։

Նոր նշանները ՀՀ ճանապարհներին կհայտնվեն 10 օր հետո։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին