Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Ուզում է անգամ մի ամբողջ հավերժություն անցնի, քանի դեռ ողջ ենք, մեզ համար ցավը չի մեղմվի. «Փաստ»

19 Հունվար, 2023 09:29
Ուզում է անգամ մի ամբողջ հավերժություն անցնի, քանի դեռ ողջ ենք, մեզ համար ցավը չի մեղմվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամեն անգամ պատերազմով անցած տղաների մասին նյութ պատրաստելիս ինքս ինձ համար հստակ սկզբունք եմ սահմանել՝ չխոսել բացառապես պատերազմի մասին, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նրանք ծնվել էին պատերազմին մասնակցելու և անմահանալու համար: Տիկին Անուշի՝ Միսակ Կիրակոսյանի մայրիկի հետ զրույցը ևս այսպես ենք սկսում: Նա, համակարծիք լինելով այս տեսակետի հետ, ասում է՝ «տղաների կյանքը պատերազմով չի սկսվել, պատերազմով ավարտվել է»: Միսակը ծնվել է 2003 թ. մայիսի 2-ին Վեդի քաղաքում: Դպրոց է հաճախել, հետո ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորման բաժին:

«Դպրոցական տարիներին տարբեր սպորտաձևերի է հաճախել, բայց կարճ ժամանակով: Շուտ էր հիվանդանում, ես էլ ընդդիմանում էի, ասում՝ մի գնա սպորտի: Դպրոցական տարիներին չեմ ասի, թե փայլուն առաջադիմություն է ունեցել, բայց որ առարկան իրեն հետաքրքրել է, մեծ հաճույքով սովորել է: Ապագայի վերաբերյալ մեծ երազանքներ և հույսեր ուներ: Համալսարանի քննությունները հանձնեց, ընդունվեց, բայց ուսանող լինել չհասցրեց՝ 2021 թ. հուլիսի 8-ին զորակոչվեց բանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը:

Հաստատում է՝ որդին շատ էր սիրում մաթեմատիկան, և մասնագիտական ընտրությունը ևս պատահական չէր: «Մտածում էր, որ կկարողանա այդ ոլորտում կայանալ, պահանջարկը մեծ է, լավ աշխատանք կունենա, ընտանիքի մասին կկարողանա հոգ տանել: Մասնագիտական ընտրությունն այդպես է կայացրել»,-հավելում է զրուցակիցս:

Որդիներից կրտսերին նկարագրելիս մայրիկին երևի թե անգամ աշխարհի բառերը չեն բավականացնի. «Կենսուրախ էր, բարի, մարդասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված մարդ էր: Երբ պետք էր, ավելի աշխույժ էր, երբ անհրաժեշտ էր՝ լուրջ ու զգոն: Կյանքը հասկանում էր այնպես, ինչպիսին այն կար, իր բոլոր կողմերով»: Միսակը ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից մեկ տարի անց: Հետաքրքրվում եմ մայրիկից՝ իսկ ինչպիսի՞ն էին որդու մտքերը, զգացողությունները, անհանգստություն կա՞ր:

«Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Ասում էր՝ մա՛մ, շուտ գնամ, շուտ գամ: Գնամ, գամ ու հասնեմ իմ անելիքներին: Իր նախաձեռնությամբ գնաց զինկոմիսարիատ, ծանուցագիրը ստացավ: Իմ տրամադրվածությունն ու զգացողություններն այլ էին: Մեծ տղաս 44-օրյա պատերազմի մասնակից է, զորակոչվել էր 2020 թ. հուլիսին: Միսակին բանակ ճանապարհելուց հետո ամուսիններով մեկ տարի մենակ մնացինք: Ավագ որդուս և Միսակի տարիքային տարբերությունը մեկ տարի է. երբ Միսակը զորակոչվեց ծառայության, այդ ժամանակ մեծ տղաս Արցախում էր ծառայում՝ մեկ տարվա ծառայող էր արդեն: Ներքին անհանգստություն կար, շատ դժվար էր մեզ համար»:

Միսակը ծառայել է Գորիսի «Զանգեր» զորամասում, եղել է կրտսեր սերժանտ, դիրքի ավագ: «Մեկ տարի և երկու ամիս ծառայել է: Մեկ օր չի դժգոհել որևէ բանից: Բողոքող ու տրտնջացող չէր, եթե անգամ նեղվել է ինչ-որ դժվարություններից, մենք երբեք չենք իմացել այդ մասին: Ու երբ ես էի մի ավելի բան հարցնում, արձագանքում էր՝ մա՛մ, մի ասա: Իր տեսակն այդպիսին էր: Ուզում էր ծառայել, ցանկությունը մեծ էր, և անգամ 44-օրյա պատերազմը չփոխեց իր այդ որոշումը: Հայրենասեր էր իր տեսակով: Անգամ պատերազմի ժամանակ գնացել էր զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվեր ու գնար ծառայության: Իրեն ասել էին՝ փոքր ես, տարիքդ չի լրացել: Այդ ընթացքում անվադողեր էին հավաքում դիրքերի համար, ակտիվորեն ամեն ինչին մասնակցում էր»:

Միսակն անմահացել է Իշխանասարում՝ 2021 թ. սեպտեմբերի 13-ին: «Ամուսինս յոթ օր Գորիսում մնաց, զորամասի հետ կապ էր պահում, բայց ոչ մի տեղեկություն չկար: Հետո արդեն անալիզներ, Հերացի, մինչև որ սեպտեմբերի 30-ին կանչեցին, որ գնանք... Միսակին չեմ տեսել, այնպես արեցին, որ դրան էլ կարոտ մնացինք: Ասում էին, որ մարմինն ամբողջական է, չի վնասվել, բայց քանի որ երկար ժամանակ է անցել, դատաբժիշկը թույլ չտվեց, որպեսզի տեսնենք»: Հարցնում եմ՝ իսկ ունե՞ն որդու անցած մարտական ուղին, թե որտեղ է կռվել, ինչպես: Պատասխանը բացասական է:

«Ո՞վ է հիշում, որ մի հատ էլ տեղեկություն տան: Մեր ունեցած ինֆորմացիան մասնիկ առ մասնիկ հավաքել ենք տարբեր խոսակցություններից, զրույցներից: Դիրքերում բոլորը զոհվել են, չի մնացել գոնե մեկը, որ ինչ-որ բան պատմի երեխեքի մասին: Ինչ բոլորին հայտնի է լրատվամիջոցներից, այդ նույնն էլ մենք գիտենք: Գիտենք, որ Միսակը թևից վիրավոր է եղել, իր մայկան հանել է, թևը կապել ու շարունակել կռվել: Մնացել է մինչև վերջ: Դատաբժշկական եզրակացության մեջ նշված է, որ վեց տեղից վիրավորում է ունեցել»: Միսակն այն 97 տղաներից մեկն է, որոնց մարմիններն օրեր անց փոխանցել էին հայկական կողմին:

«Այնքան դժվար է այս ամենի մասին խոսելը: Հիմա մնացել ենք երեքով: Չեմ էլ կարող բացատրել, թե ինչպես ենք ապրում առանց Միսակի, անտանելի բարդ է: Ուզում է անգամ մի ամբողջ հավերժություն անցնի, քանի դեռ ողջ ենք, մեզ համար ցավը չի մեղմվի»: Միսակի ու մայրիկի վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ին: «Գիշերը ժամը 22:00-ից մինչև 22:50 հեռախոսով զրուցել ենք: Ուրախ էր, լավ տրամադրություն ուներ, այդ ժամանակ էլ որևէ բան չի ասել կամ տրտնջացել՝ մա՛մ, ես լավ եմ, դուք ձեզ լավ նայեք: Երբեք բառ անգամ չի ասել ծառայության դժվարությունների մասին, մեր զրույցները միշտ եղել են առօրյա թեմաների շուրջ: Եթե անգամ ինչոր հարց եմ տվել, ինքը թույլ չի տվել շարունակել, ոչ էլ դժգոհել է կամ ասել ինչ-որ բան: Երանի թե ասած լիներ.. Այնքան բան ունեմ Միսակի մասին պատմելու, չգիտեմ էլ, թե ինչը պատմեցի, ինչը մոռացա ասել»: Միսակը հուղարկավորված է Վեդու քաղաքային պանթեոնում՝ մոտ իր տանն ու ընտանիքին: Ընտանիքին նաև զորամասից ասել են, որ մեդալների է արժանացել, բայց մինչ օրս հավել յալ տեղեկություն չունեն: Իսկ վերջում շատերին համակած անտարբերություն կոչվող ցավի մասին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին