Կարևոր իրադարձություններ

Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան. Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

18 Հունվար, 2023 16:42
Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան. Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակության։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Կողմերը երկուստեք շահագրգռվածություն են հայտնել համագործակցությունն ակտիվացնելու եւ խորացնելու հարցում:

Զրույց է ծավալվել հետպատերազմյան իրադրության եւ Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի հայտարարությունն ու Մեքսիկայի դիրքորոշումը:

Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում կայացած հանդիպմանն Ադրբեջան-Մեքսիկա բարեկամական խմբի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբայովին 2020 թվականի պատերազմում ունեցած հաղթանակի համար շնորհավորելը հակասում է Մեքսիկայի՝ ուժի չկիրառման, բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման եւ չմիջամտելու պաշտոնական դիրքորոշմանը:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Մեքսիկացի գործընկերը նշել է, որ Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան՝ հավելելով, որ համատեղ աշխատանքային օրակարգը կհեշտացնի փորձի փոխանակումն ու կակտիվացնի հաղորդակցման արդյունավետությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին