Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետն այցելել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց (լուսանկարներ)

18 Հունվար, 2023 14:12
 Շիրակի մարզպետն այցելել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց (լուսանկարներ)

Շիրակի մարզում մանկահասակ երեխաների շրջանում սուր շնչառական վարակների աճով պայմանավորված՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր այցելել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանի ուղեկցությամբ Նազելի Բաղդասարյանը շրջել է հիվանդանոցում, հետևել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։

Մարզպետը լսել է բուժում ստացող երեխաների ծնողների, ստուգման եկածների մտահոգություններն ու հետաքրքրվել նրանց առողջական վիճակով։

Նազելի Բաղդասարյանը մտահոգիչ է համարել հիվանդանոցի ընդունարանում առկա կուտակումները, հիվանդասենյակներում 4-ից ավելի հիվանդների առկայությունն ու տնօրինությանը հորդորել ամեն ինչ անել առաջնային հետազոտություններն առավել օպերատիվ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկումն առավել որակյալ իրականացնելու ուղղությամբ։

Կարևորելով երեխաների առողջությունն ու նրանց նկատմամաբ հոգատար վերաբերմունքը՝ Շիրակի մարզպետը հորդորել է բուժանձնակազմին աշխատանքում լինել առավել զգոն, իսկ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել աշխատանքներ տանել պատվաստումների՝ COVID-19-ի և գրիպի դեմ, տեմպերի ակտիվացման ուղղությամբ։

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում այժմ 40 երեխա է բուժում ստանում, որից 4-ը՝ թոքաբորբ, վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 4 երեխա, նրանցից 1-ը՝ թոքաբորբ։ Հիվանդների մոտ առկա է դրական դինամիկա։ Հունվարի սկզբից առ այսօր COVID-19-ի դրական դեպքեր չեն արձանագրվել։

2023 թվականի հունվարի 1-17-ը Շիրակի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ, սուր շնչառական վարակներով պայմանավորված, դիմել է 1138 քաղաքացի՝ 653-ը՝ 0-18 տարեկան։ Նույն ժամանակահատվածում կատարվել է COVID-19-ի 106 նմուշառում, որից 5-ը դրական են եղել։

«Գյումրի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում՝ թերապևտիկ բաժանմունքում 24 հիվանդ, որից 6-ը՝ թոքաբորբ, ինֆեկցիոն բաժանմունքում՝ 15 հիվանդ, 9-ը՝ սուր շնչառական վարակներ, վերակենդանացման բաժանմունքում՝ 7 հիվանդ, 3-ը՝ թոքաբորբ։

Սուր շնչառական վարակների հիվանդացության աճով պայմանավորված, մասնավորապես՝ 0-18 տարեկանների շրջանում, համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին