Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    420
    436

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

Նոր բուժսարքավորումներ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին (տեսանյութ)

17 Հունվար, 2023 19:27
Նոր բուժսարքավորումներ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին (տեսանյութ)

Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի աջակցությամբ համալրվել է վերջին սերնդի երկու նոր բուժսարքավորմամբ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Սարքը թույլ է տալիս մտնել տարբեր հատվածներ և մեծացված տեսնել ախտաբանական փոփոխությունները: Սա կարևոր է հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման համար: Առհասարակ, ժամանակակից բժշկությունը հնարավոր չէ պատկերացնել առանց այս սարքի»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ ծառայության ղեկավար Սիմոն Փխրիկյանը: 

Բուժկենտրոնի ու հիմնադրամի փոխգործակցությունն ու պայքարը երեխաների առողջության համար է: Շուրջ երկու տարի առաջ նորածին Միշային շնչելու և ապրելու համար անհրաժեշտ էր բացառիկ վիրահատություն արտերկրում: Անհրաժեշտ առաջին բուժօգնությունը տղան ստացել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
«Տեղի բժիշկների և Ֆրանսիայի Նեկեր հիվանդանոցի մասնագետների համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ երեխայի վիրահատությունը կատարել Ֆրանսիայում: Հիմնադրամի և ծնողների շնորհիվ մեկ գիշերվա ընթացքում կարողացանք շուրջ 39 հազար եվրո գումար հավաքվել: Տեղի ազգությամբ հայ բժշկի՝ Եղիա Կարապետյանի ջանքերի շնորհիվ ստացանք մեծ զեղչեր, և հնարավոր եղավ տնտեսել հավաքված գումարը, որը, ծնողների ցանկությամբ, որոշվեց ներդնել հիվանդանոցում: Որոշեցինք երկու բուժսարքավորում գնել: Պակասող միջոցներն ավելացրեց հիմնադրամը»,- պատմում է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Երեխաս ուներ քիթ-ըմպանային կիստոզ գոյացություն: Հիմա բալիկս 2 տարեկան է դառնալու, շատ ժիր երեխա է, ամբողջությամբ խնդիրը լուծված է: Մնացած միջոցներով որոշեցինք հիվանդանոցին օգտակար լինել: Ընտրեցինք այն սարքավորումները, որոնցով Հայաստանի մեր բոլոր երեխաները, անհրաժեշտության դեպքում, կբուժվեն անվճար»,- նշում է Միշայի հայրը՝ Արամ Տեփանյանը:

Բժշկական կենտրոնում ամեն տարի ավելի քան 700 վիրահատություն է կատարվում, որոնց մեծ մասը՝ էնդոսկոպիկ եղանակով։ Հիմնադրամի շնորհիվ ձեռք բերված նոր էլեկտրական դանակը հնարավորություն կտա բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը՝ խուսափելով հետվիրահատական բարդություններից։ 

«Սա վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ գերմանական սարք է, որն օգտագործվում է բաց և էնդոսկոպիկ վիրահատությունների նպատակով: Տարբեր հյուսվածքներ անջատելու համար կատարում է դրանց միջով հատում: Այսինքն՝ մի քանի անգամ արագացնում է վիրաբույժի գործը և արյունատար անոթների զոդման ֆունկցիան է կատարում, ինչն ավելի արդյունավետ է, քան նախկինում ունեցած մեր սարքերը»,- նկատում է Դավիթ Դալլաքյանը:

«Վերջին սերնդի դանակը թույլ է տալիս մեզ աշխատել ավելի արագ և ներդնել մինիմալ ինվազիվ տեխնոլոգիաները: Այդ սարքը հնարավորություն է տալիս վիրահատությունը կատարել ավելի արագ: Կրճատում է հիվանդի՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածը»,- հավելում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական և նորածնային վիրաբուժության բաժնի վարիչ Արտեմ Այվազյանը:

Սարքն արդեն այս շաբաթ գործի կդրվի: Նախատեսված բարդ վիրահատությունը կկատարվի հենց նոր սարքի օգնությամբ: 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները, պարբերաբար կատարելագործելով իրենց հմտությունները, զարմացնում են անգամ բժշկությանը:

Սակայն կարևոր է, որ բուժկենտրոնը պարբերաբար համալրվի նորագույն բացառիկ սարքավորումներով, ինչը թույլ կտա արտերկրի փոխարեն Երևանում կատարել վիրահատություններ: 

«Մենք հիվանդանոցի կողքին ենք և փորձելու ենք մի շարք փոփոխություններ կատարել: Մեր հիմնադրամի նպատակը ոչ միայն առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին օգնելն է, այլև կառուցվածքային բարեփոխումներին հասնելը»,- նշում է Արմեն Մարտիրոսյանը: 

Համայնքային ենթակայության բուժհաստատությունն այսօր նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք կստեղծեն զարգացման նոր հնարավորություններ մանուկների առողջության պահպանման համար:

Տեսանյութն՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին