Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Երաժշտական և արվեստի դպրոցների համար նախորդ տարի հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ

17 Հունվար, 2023 17:42
Երաժշտական և արվեստի դպրոցների համար նախորդ տարի հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2008 թվականից իրականացվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագիրը: Այն մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր և իրականացվում է հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ:

Ծրագրի շրջանակում 2008-2022 թվականներին պետական պատվերով հրատարակվել է 325 անուն գրականություն: 

Ծրագրի իրականացումը պայմանավորված է մշակութային կրթության որակի բարելավման, ժամանակակից պահանջներին համահունչ ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, աշխատանքային տետրերի, դասագրքերի, ժողովածուների և ուղեցույցների մշակման և կիրառման, արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրքային ֆոնդի համալրման անհրաժեշտությամբ: Այն միտված է նաև գեղարվեստական կրթության ոլորտում ուսուցման նոր մեթոդների վերաբերյալ մասնագիտական շրջանակների իրազեկմանը, դասական և ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների և պրակտիկ նյութերի տարածմանն ու հանրահռչակմանը:

Ծրագրի իրականացմամբ լուծվում է նաև հայալեզու մասնագիտական գրականության հրատարակման և տարածման խնդիրը, ապահովվում են նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ժողովածուների և գրականության հասանելիությունն ու մատչելիությունը:

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրիշրջանակում 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ՝ Արարատ Աղասյան «Արվեստի պատմություն. կերպարվեստ (Գիրք 2)», Նաիրա Հովհաննիսյան, Մարիա Դիվանյան, Սրբուհի Բաբայան, Աշխեն Բոյաջյան «Պատմակենցաղային պարեր, դասական պար, հայկական ժողովրդական պար, ժողբնորոշ պար» (առարկայական ծրագրեր)», Անահիտ Կիրակոսյան  «Հայ ժողովրդական նվագարաններ», Ջեննի Ասատրյան (կազմող) «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր», Նունե Պողոսյան (կազմող)  «Քրիստոմատիա կիթառի համար» (1-7 դասարաններ), Սուրեն Խորոզյան (կազմող)  «Քրիստոմատիա կլարնետի համար» (1-7 դասարաններ),  Աղավնի Հովակիմյան «Քրիստոմատիա սանթուրի համար (2-5 դասարաններ):

ԿԳՄՍՆ-ից նշում են, որ հրատարակված ձեռնարկներն անվճար կտրամադրվեն հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են նաև, որ 2023 թվականին նախատեսվում է հրատարակել 11 ուսումնամեթոդական ձեռնարկ:

 

Լրահոս

Դիտել ավելին