Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Երկու քննիչ ազատվել են աշխատանքից. ՔԿ

17 Հունվար, 2023 12:10
Երկու քննիչ ազատվել են աշխատանքից. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է համակարգն իրենց գործառութային պարտականությունների կամ կարգապահական կանոնների նկատմամբ անբարեխիղճ, անպատասխանատու կադրերից թոթափելուն։ Հայտնում է քննչական կոմիտեն։ 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։

Իրականացված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ դրսևորել է անգործություն: Առանձին վարույթներով 45 օրից մինչև ավելի քան 6 ամիս շարունակ, քննչական և այլ վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հիմքերի, ինչպես նաև հսկող դատախազի օրինական, առարկայական ցուցումների առկայության պայմաններում, նա չի ապահովել դրանց պահանջների ամբողջական կատարումը, չի պահպանել  քննության ողջամիտ ժամկետները, չի դրսևորել պատշաճ ջանասիրություն։ Վերջինս քրեական վարույթները թողել է անշարժ վիճակում, իսկ որոշ քրեական վարույթներով՝ բավարարվել սակավաթիվ քննչական գործողություններ կատարելով: Բացի այդ, ՀԿԳ քննիչն առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել հերթական ատեստավորմանը:

Մյուս դեպքում հարուցված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի մեկ այլ տարածքային ստորաբաժանման քննիչը, նշանակված լինելով այդ պաշտոնին, պատշաճ կարգով իրազեկված լինելով պաշտոնի նշանակվելու հրամանի մասին, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի վայր, չի ներկայացրել գրավոր բացատրություն՝ անհարգելի բացակայությունների վերաբերյալ, չի կատարել զբաղեցրած պաշտոնից բխող գործառութային պարտականությունները, ինչի պայմաններում տուժել է արդարադատության և նախաքննության շահը:

Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների բնույթը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է վերոնշյալ երկու քննիչների նկատմամբ օրենքով սահմանված ամենախիստ՝ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժի կիրառման հնարավորության վերաբերյալ միջնորդություններ։

Կարգապահական հանձնաժողովն իր որոշումներով բավարարել է միջնորդությունները, և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

 

Լրահոս

Դիտել ավելին