Կարևոր իրադարձություններ

Գիտեմ` շատ մարդկանց եմ պետք. 44-օրյային մասնակցած Կառլենի ամենակարևոր ցանկությունը խաղաղությունն է. «Փաստ»

17 Հունվար, 2023 08:47
Գիտեմ` շատ մարդկանց եմ պետք. 44-օրյային մասնակցած Կառլենի ամենակարևոր ցանկությունը խաղաղությունն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պատերազմի մասին խոսելը երբեք էլ սովորական մի զրույց չի դառնա, հատկապես, երբ, անկախ քո կամքից, սպիանալ փորձող վերքեր ես փորփրում: Չնայած ինչպե՞ս կսպիանան բոլոր նրանց վերքերը, ովքեր որդիներ, հայրեր ու եղբայրներ, ընկերներ թողեցին մարտադաշտում: Այսօր «Փաստի» զրուցակիցը Կառլեն Խաչատրյանն է: Նա ժամկետային զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը, պատերազմից հետո էլ շարունակել է ծառայել: Ամեն ինչի մասին ամենասկզբից: Նախքան բանակ զորակոչվելը Կառլենն իր ապագան կապում էր սպորտի հետ:

«Տասը տարի՝ 7 տարեկանից զբաղվել եմ ըմբշամարտով, ուզում էի շարունակել այդ գծով: Բայց վնասվածքներ ստացա, ինչ-որ բան այնպես չգնաց»,-ասում է Կառլենը: Հետաքրքրվում եմ՝ իսկ ինչո՞ւ ըմբշամարտ: «Շատ ճարպիկ ու աշխույժ էի, ու բոլորը՝ ծնողներից սկսած մինչև հարևաններ, խորհուրդ էին տալիս սպորտով զբաղվել: Այդ ժամանակ շատ էի սիրում ֆուտբոլը: Բայց ընկերներիցս շատերը զբաղվում էին ըմբշամարտով, հայրիկս էլ ուզում էր ձյուդոյի տանել, քանի որ ինքը ևս զբաղվել է այդ սպորտաձևով: Վերջնական ընտրությունը կանգ առավ ըմբշամարտի վրա: Պարապմունքների եմ հաճախել Էջմիածնում, եղել եմ հավաքականի անդամ, մասնակցել հավաքների Ծաղկաձորում, արտասահմանում մրցումների: Ունեմ մրցանակներ, պատվոգրեր»,նշում է զրուցակիցս:

Կառլենը բանակ է զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին, ծառայել Մատաղիսում: Հարցնում եմ նախքան ծառայության մեկնելու զգացողությունների մասին: Կառլենն ասում է՝ շատ լավ էի տրամադրված: «Գիտեի, որ ծառայությունը տղու համար է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ էի: Որոշել էի ծառայությունս ավարտել, վերադառնալ ու սպորտային կարիերաս արտասահմանում շարունակել, լուրջ հաջողությունների հասնել»,-նշում է նա:

Հավաստում է՝ սպորտն իրեն շատ է օգնել ծառայության ժամանակ, հատկապես պատերազմի օրերին. «Իմ ֆիզիկական տվյալների հաշվին կարողացա ոտքերիս վրա մնալ, շատ բարդ տեղերից եմ դուրս եկել, սպորտը փրկել է կյանքս»: Ծառայության ընթացքի, նաև դժվարությունների մասին խոսելիս ասում է՝ ցանկացած թեմայի անդրադառնալիս իր դեպքում սպորտն անպակաս է, և բացատրում, թե ինչու: «Երբ մարզական հավաքների էի մասնակցում, տանը շատ քիչ էի լինում, կարող էի տարվա մեջ, օրերն իրար միացրած, ընդամենը մեկ ամիս լինել տանը, այդ առումով ծառայության ընթացքում տնից հեռու լինելուն հեշտ հարմարվեցի: Բացի դա, շփվող մարդ եմ, կարողանում էի արագ ու հեշտությամբ զինվորների ու սպայական կազմի հետ լեզու գտնել: Այնպես որ, իմ ծառայության ընթացքը բավականին թեթև էր այդ առումով»:

Նախքան պատերազմի մասին խոսելը սա կարծես յուրատեսակ նախաբան լիներ: Անկեղծորեն չգիտեի, թե ինչպես հարցերս ձևակերպեի, ինչ հարցնեի, որ մեր զրույցը չգնար հիշողությունները փորփրելու, ցավը վերապրելու ճանապարհով: Կառլենն ասում է՝ հարցրեք ինչ ուզում եք, ինչ պետք է, վայրկյան առ վայրկյան ամեն ինչ հիշում եմ: Ես էլ իմ հերթին ասում եմ՝ երևի մոռանալ չի էլ լինի: Կառլենի պատասխանը զարմացնում է, անգամ հանկարծակիի բերում. «Պետք էլ չի, որ մոռանամ, չեմ էլ ուզում մոռանալ: Չեմ ուզում անընդհատ խոսել դրա մասին, բայց իմ մեջ միշտ հիշում եմ»:

Կառլենը դիրքերում է եղել, երբ սեպտեմբերի 27-ին պատերազմն սկսվել է: «Դիրքերն էինք կարգի բերում, մաքրում, երբ սկսեցին կրակել, ու պատերազմը սկսվեց»: Հարցնում եմ՝ որպես ռազմական գործողությունների մասնակցի, զինվորի, ինչպիսի՞ն էին զգացողությունները դեռ այն ժամանակ՝ պատերազմը շո՞ւտ էր ավարտվելու:

«Նման զգացողություն ունեի ամենասկզբում՝ առաջին 1-2 ժամը: Երբ կռիվն սկսվեց, Թալիշի կեսը վերցրեցին, հայտնվեցինք շրջափակման մեջ: Ես ՀԴԿ-ում եմ եղել, այն դիրքերից մի 100 մետր է հետ: Մեր դիմացը չպահվող դիրք կար, երկու ժամ հետո գնացինք այդ դիրքը: Երբ մեր X դիրքը տվեցինք, մտածեցի՝ սա վերջն է, պատրաստ էի անգամ մեռնելուն: Արդեն իմ մասին չէի էլ մտածում, մտածում էի ծնողներիս ու հարազատներիս մասին, թե ինչ կլինի ինձանից հետո: Դիրքից վերադարձան 3 հոգի, մնացածը զոհվել էին, զոհված տղերքին տեսա, հենց այդ պահին ամեն ինչի հետ համակերպվեցի ու գլխիցս հանեցի նաև միտքը, որ պատերազմը մի քանի օր կտևի: Վստահ էի, որ երկար է տևելու: Հենց այդ մտքերով էլ գնացել եմ առաջ:

Մատաղիսում մեկ-երկու օր մեր դիրքում եմ եղել, հետո տեղափոխվել ենք մյուս՝ չպահվող դիրքը, գիտակցում էինք, թե ինչի համար ենք այդտեղ կանգնած: Իմ հետի տղաներից շատերն անգամ ասում էին՝ ինչ լավ է, որ մեր հետ ես: Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես իրենց պատրաստում էի: Մի դիրքից մյուսն էի գնում, հաց ու ջուր տանում: Անընդհատ վազքի մեջ էի: Հետո մեր այդ դիրքից էլ նահանջ կատարեցինք, քանի որ մեծ քանակի մարդուժով ու զինտեխնիկայով առաջ էին գալիս, այլ տարբերակ չկար: Նահանջի ժամանակ զուտ ինտուիցիային, զգացողություններին հետևելով՝ ինչ-որ ճանապարհով գնացել եմ ու հանդիպել մեր զորքին: Այդ ճանապարհով, ձայնի հետքերով գնում էի դեպի փրկություն:

Հոկտեմբերի 2-3-ին շատ վատ վիճակ էր: Բոլոր դիրքերից նահանջել էին, մի քանի դիրք էր մնացել: Անճարությունից չգիտեի՝ ինչ անել: Մտածեցի՝ գնամ ճանապարհով, տեսնեմ, թե ուր է տանում: Գնացի ու մեր զորքին հանդիպեցի: Իրենք սպասել են, մինչև հետ եմ գնացել, իմ դիրքի անձնակազմին զինել ու եկել, միացել ենք տղերքին: Մեզ թվում էր, թե վերջացավ փորձությունը, բայց ամեն ինչ նոր էր սկսվում»,-ասում է Կառլենը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին