Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Սերոբյանի գործով որոշում կայացնելու (տեսանյութ)

16 Հունվար, 2023 19:00
ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Սերոբյանի գործով որոշում կայացնելու (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:Այս մասին հայտնեւմ են Բարձրագույն դատական խորհրդից։

Ըստ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը նախ՝ ընդունել է վարույթ, ապա՝ կայացված որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ որոշումը բողոքաբերի համար հանդիսանում է բարենպաստ դատական ակտ, և բողոքաբերն ի սկզբանե չուներ այն բողոքարկելու իրավունք, մինչդեռ, ըստ Հանձնաժողովի, նշված վերաքննիչ բողոքը՝ այդպիսի բողոք ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելը գնահատման ենթակա էր վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում, և ժամանակին կատարված նման եզրահանգումը պետք է հանգեցներ բողոքի ընդունումը մերժելուն:

Միաժամանակ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է բողոքի քննությունը վերսկսելու մասին որոշում՝ նշանակելով դատական ակտի հրապարակման օր, սակայն, ըստ Հանձնաժողովի, վերսկսման որոշումը բովանդակում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասի դիսպոզիցիայի շարադրանքը, առանց բացահայտելու բողոքի վարույթը վերսկսելու անհրաժեշտությունը:

Դատավորը համակարծիք չէր ներկայացված հիմնավորումների հետ և գտնում էր, որ միջնորդությունը ենթակա չէ բավարարման:

Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին