«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հիմնական հայեցակարգային մոտեցումները, ակնկալվող արդյունքները, մասնավորաբար հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը: Նախագծում ներկայացվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրման ռազմավարությունը, ըստ ներդրման փուլերի իրականացման ենթակա միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները։
Սակայն, երբ դիտարկվում են այն միջոցները, որոնց հաշվին ապահովվում են այդ ցուցանիշները, ապա նկատելի է, որ Հայաստանն ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝ վերջին 25 տարվա ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5,4 տոկոսը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4 տոկոսը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից։ Ոչ բավարար չափով ֆինանսավորումը բերել է ծառայությունների մատուցման համակարգի մասնատման, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում:
Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը, և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6 տոկոսը, աղքատների 24,5 տոկոսը և ծայրահեղ աղքատների 49 տոկոսը չի հաճախում ԱԱՊ բժշկի: Առողջապահության պետական ֆինանսական միջոցների պակասը և գրպանից դուրս կատարվող ծախսերի անկառավարելիությունը խոչընդոտում են համակարգի զարգացմանը և բժշկական օգնության ու սպասարկման որակի բարելավմանը, նպաստում բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական ծախսերի պատճառով, խոչընդոտում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: