Կարևոր իրադարձություններ

Յուրահատուկ էր, ընկերասեր, ամեն հարցում և ամեն տեղ տարբերվում էր սերժանտ Մուրադխանյանը. «Փաստ»

14 Հունվար, 2023 08:18
Յուրահատուկ էր, ընկերասեր, ամեն հարցում և ամեն տեղ տարբերվում էր սերժանտ Մուրադխանյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե սկսեմ նկարագրել Գրիգորին, կարող ենք ժամերով խոսել նրա մասին»,-այսպես է տիկին Ռոզան՝ Գրիգորի մայրիկը, արձագանքում իմ՝ որդու մասին պատմելու խնդրանքին:

«Կոկիկ էր, մաքրասեր, օծանելիքն անպակաս էր: Իր տեսակով աշխույժ էր, ընկերասեր, պատրաստ բոլորին օգնել: Դպրոցում շատ լավ է սովորել, գեղեցիկ ձեռագիր ուներ: Այն որպես օրինակ էին բերում մյուս աշակերտներին, անգամ աղջիկներին: Ուսուցիչները միշտ գոհ էին իրենից: Սկզբնական շրջանում շատ էր սիրում մաթեմատիկան, բայց իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես ատամնատեխնիկ: Վեց ամիս էր մնացել ավարտելուն, ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց բանակ: Զորացրվելուց հետո մտադիր էր կրթությունը բուհում շարունակել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է նա:

Գրիգորը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 30-ին: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետությունում՝ Հադրութի զորամասում: Տիկին Ռոզան ասում է՝ շատ գոհ էր ծառայության ընթացքից, երբևէ չի դժգոհել, չի տրտնջացել որևէ բանից: «Խորհուրդ էինք տալիս իրեն՝ ուսումդ ավարտի քոլեջում, հետո գնա բանակ: Ուներ այդ հնարավորությունը՝ վեց ամիս հետո՝ ամռանը ծառայության մեկնելու, բայց ինքը չցանկացավ՝ շուտ գնամ, շուտ գամ»:

Պատերազմի մասին ենք խոսելու, բայց նախքան դա զրույցն այսպես ենք շարունակում. «Մեզ երբեք չի ասել, որ դիրքերում է, բայց դե մենք գիտեինք: Իր հետ ծառայող ընկերները միշտ լավն են պատմել: Ասում էին՝ ինչպես առօրյայում էր ամեն ինչ իր տեղում, այնպես էլ Գրիգորն իրեն դիրքերում է դրսևորել: Սերժանտ էր: Երբ արդեն պատերազմ է սկսվել, ուշադրությունն ու պատասխանատվությունն էլ ավելի է մեծացել: Պատմում են, որ միշտ ոգևորել է տղաներին՝ ես ձեր կողքին եմ, միշտ էլ ձեր կողքին եմ մնալու: Պատերազմի օրերին միայն սեպտեմբերի 28-ին չի զանգահարել մեզ: Իսկ ծառայության ժամանակ գեթ մեկ օր չկար, որ տուն զանգած չլիներ, օրեր են եղել, երբ երկու անգամ է զանգահարել»:

Ինչպե՞ս հարցնել զինվորի մայրիկին, թե որդին ոնց է զոհվել: Շատերին թվում է, թե սա հերթական հարցն է դարձել մեզ համար, բայց թերևս երբեք էլ չենք սովորի ու հեշտությամբ այդ հարցը չենք ուղղի ծնողներին: Սովորաբար զրույցի ընթացքում, երբ մեզ թվում է, թե անգամ սեփական ձայնը չենք լսում, հարցնում ենք՝ գիտե՞ք, թե ինչպես ու երբ է զոհվել ձեր տղան: Տիկին Ռոզային ևս այս հարցն եմ ուղղում: «Իր հետ ծառայող տղաներից մեկն է պատմել, այն էլ մի երկու բառով: Մեր տուն եկավ, պատմեց, որ տղաները վիրավորվել են, ինքն ու Գրիգորը նրանց հասցրել են շտապօգնության մեքենայի մոտ: Մեկ էլ նորից ձայն են տվել, տղաներին թողել ու գնացել է էլի ինչ-որ մեկի կյանքը փրկելու: Հենց այդ ժամանակ էլ երկրորդ արկն ընկել է իրենց ուղղությամբ: Գրիգորը հասցրել է իր հրամանատարի ու զինվորների կյանքը փրկել, պատմում էին՝ բոլորի կյանքը փրկել է...»,-ասում է Գրիգորի մայրիկը, ես էլ փաստն եմ արձանագրում՝ ցավոք, իր կյանքի գնով:

Գրիգորը զոհվել է հոկտեմբերի 1-ին: «Գյուղում բոլորը գիտեին, բայց մեզ չէին ասում: Այգեզարդում միայն տղայիս դեպքն է: Գյուղը սգացել է, բայց մենք չենք իմացել: Ամսի 2-ին մեզ նոր ասել են, երբ տղաս արդեն Արտաշատում էր: Փառք տանք Աստծուն, որ Գրիգորը մեզ շուտ է հասել»,-ասում է մայրիկը, իսկ ես՝ տղաների մասին արդեն մի քանի տասնյակ նյութեր պատրաստածս, դեռ չեմ ընդունում այն իրականությունը, որտեղ մայրը փառք է տալիս Աստծուն, որ որդու մարմինն իրեն շուտ է հասել: Գրիգորը երեք քույրերի կրտսեր եղբայրն է: Անթաքույց ժպիտով, որն իր մեջ այնքան ցավ ունի, ասում եմ՝ վստահաբար, անսահման սիրում են կրտսեր եղբորը, փոքրերին միշտ էլ յուրահատուկ սիրով են սիրում: «Ինքը յուրահատուկ էր, ամեն հարցում և ամեն տեղ տարբերվում էր՝ շրջապատում, դպրոցում, քոլեջում»,-նշում է տիկին Ռոզան, հետո շարունակում. «Առաջին անգամ պետք է դիրքեր բարձրանար, դիրքի ավագ էր, նաև հրաձգային ջոկի հրամանատար: Այնտեղ մատուռ է եղել՝ փոշոտ, անխնամ: Մաքրում է, կարգի բերում, հետո երկրորդ անգամ բարձրանալիս մոմեր է տանում, ինքն ու տղաները մոմ են վառում: Զանգեց հայրիկին՝ պա՛պ, ուզում եմ խաչ սարքել, չգիտեմ՝ փայտից սարքե՞մ, թե՞ երկաթից, մատուռի գագաթին դնեմ: Իսկ հետո արդեն պատերազմ սկսվեց: Ուրբաթ օրը դիրքերից իջել էին, իսկ կիրակի սկսվեց չարաբաստիկ պատերազմը»:

Յուրահատուկ Գրիգորի մասին, ինչպես մայրիկն է ասում, անվերջ կարելի է խոսել. «Բոլորի կողմից սիրված էր, ընկերասեր, ջիգյարով, անվախ, միշտ օգնության հասնող: Եթե մտնեք գյուղ ու հարցնեք իր մասին, բոլորն են ճանաչում՝ մեծից փոքր: Գյուղից դուրս էլ են ճանաչում: Ինքը 18 տարի է ապրել, բայց այնպե՜ս է ապրել… Մարդիկ կարող է 100 տարի ապրեն ու... ոչ մի բան: Շատ մեծ շրջապատ է ունեցել, ընկերություն է արել իրենից ավելի տարիքով մարդկանց հետ, հարգված է եղել: Երբ Գրիգորն արդեն «տանն էր», այնքան մարդ էր եկել, շատերին չէինք էլ ճանաչում: Այնքան մեծ շրջապատ ուներ, մենք անգամ տեղյակ չէինք: Այդպիսի տղա էինք դաստիարակել ու մեծացրել:

Մենք չգիտենք էլ, թե իրենք պատերազմի դաշտում ինչեր են արել, միայն Աստված կիմանա: Վերջին տարիներին իր գերեզմանը դարձել է սրբավայր: Նոր տարվա գիշերն այնտեղ են բարձրացել ընկերները, զրուցել, տեսանյութեր դիտել: Տղաներից մեկը պատմել է, որ իր հետ աշխատողներից մի տղա ճանաչել է Գրիգորին, պատմել է, թե ինչպես է կռվել պատերազմի ժամանակ: Չգիտենք, թե ինչեր են արել այնտեղ: Միայն վիրավորների պատմածները, որոնք վերադարձել են պատերազմից, բավական է հասկանալու համար, թե ինչպիսի մարդ ենք մեծացրել հասարակության համար, որ բոլորը հիշեն ու ճանաչեն».:

Հոդվաշն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին