Կարևոր իրադարձություններ

Երբեք չնահանջեք. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Զինվորի տուն (լուսանկարներ)

13 Հունվար, 2023 21:34
Երբեք չնահանջեք. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն այցելել է Զինվորի տուն (լուսանկարներ)

«Երբեք չնահանջեք, շարունակեք ապրել նույն ոճով: Մենք ձեզ արժանին պիտի հատուցենք, ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք: Դրա համար եմ ես այստեղ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ հետ ենք և իմ այս այցով ավելի են ամրանում հայ-ֆրանսիական բարեկամական կապերը». Զինհաշմանդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը: Այս մասին տեղեկանում ենք Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր Զինվորի տանն էր: Զինվորների հարցին, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում Փարիզի հաշմանդամների տունը, տիկին Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց, որ նույն գործառույթը, ինչ Զինվորի տունը, պարզապես ոչ այս ծավալով և ոչ այսքան ուղղություններով, քանի որ Զինվորի տանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվում զինհաշմանդամներին:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը որպես հուշ իր հետ տարավ տղաների պատրաստած՝ թիթեռներով կոմպոզիցիան: Ի դեպ, սա Զինվորի տան առաջին բիզնես ծրագիրն է, որտեղ բոլոր աշխատակիցները պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն են: Ֆրանսիայի ԱԺ նախագահը խոստացավ Ֆրանսիա հասնելուն պես Փարիզի հաշմանդամների տանը փոխանցել Զինվորի տան հետ գործակցելու գաղափարը:

Պատվիրակության անդամները մեկ առ մեկ շնորհակալություն հայտնեցին Զինվորի տան տղաներին՝ իրենց քաջության, հանուն հայրենիքի կատարած խիզախությունների և չհանձնվելու համար, չհանձնվելու և նորից կյանքի իմաստը վերագտնելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին