Կարևոր իրադարձություններ

Հայաստանում արվեստի և սպայական ավագ դպրոցներ կստեղծվեն

12 Հունվար, 2023 17:39
Հայաստանում արվեստի և սպայական ավագ դպրոցներ կստեղծվեն

Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արտադպրոցական կրթությունն  ու   դաստիարակությունը պետք է կարգավորվի օրենքով, որը հնարավորություն կտա կանոնակարգել ոլորտի հիմնախնդիրները, ապահովել համակարգի զարգացումը: Օրենքով պետք է կարգավորվի համակարգի բովանդակության, գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։

Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են   արտադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում  նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում:  Ըստ այդմ, Հայաստանում կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի նաև արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին և մարզիչներին:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կառավարությունն արտադպրոցական ոլորտում նախատեսում է ներդնել մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ։ «Այս պահին հանրապետությունում ունենք երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն,  որոնցից 50-ը տեղակայված են Երևանում, 190-ը՝ մարզերում։ Եվ այդ դպրոցներում և կենտրոններում սովորում է շուրջ 50 հազար երեխա:

Բացի այդ, ունենք 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ մարզվել են ավելի քան 42 հազար երեխաներ։ Այս հաստատություններում ուսուցումը իրականացվում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախարարի,  երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կազմակերպություններում՝ ավելի քան 2100 մարզիչ մանկավարժ։ Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել ոլորտում՝   քաղաքականությունը, մասնագիտական զարգացման ծրագրերը, ֆինանսավորմանը և այլ հարցեր կարգավորելու  նպատակով։ «Այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի։ Մասնավորապես, «Կրթության մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում և հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար։

Այստեղ խնդիրը մի փոքր բարդ է, որովհետև արտադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը համայնքային են, և այստեղ վարձատրությունը համայնքից համայնք խիստ տարբերվում է: Ուստի, նախատեսում ենք, որ պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանալ ավելի համահարթ մոտեցման տանել վարձատրության այս տարբերությունները  և, հետևաբար, պլանավորում ենք, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը  նաև հայտնել է, որ  ատեստավորման կարգն ու հարցաշարերն այժմ մշակման փուլում են։ Ատեստավորումն իրականացվելու է առանձին փուլերով։ Առաջին փուլին մասնակցելու համար կարող են դիմել  դաշնամուրի, սոլֆեջոյի, երաժշտական գրականության առարկաների ուսուցիչները, մարզաձևերից` ազատ ոճի ու հունահռոմեական ըմշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։

«Այս փոփոխությունների իրականացմամբ մարտից արդեն մանկավարժներն ու մարզիչները հնարավորություն կունենան դիմելու ատեստավորման համար։ Ապրիլին կանցկացվի ատեստավորումը, մայիսից՝  կսկսեն վճարվել ատեստավորման անհրաժեշտ արդյունքներ ցույց տված մասնագետների հավելավճարները»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիրն այն է, որ պետք է հանրապետությունում և՛ մասնագիտական, և՛ բովանդակային առումով կրթության հասանելիությունը դարձնել համահարթ: «Հիմա մենք ոլորտի ամենաշատ մասնագետներ ունեցող ուղղություններն ենք ընտրում, հաջորդ  փուլերում արդեն մյուս  մասնագետներին  էլ այդ հնարավորությունը կտանք»,-ասել է վարչապետը:   

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ բոլոր տեսակի մարտահրավերներին կառավարության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ. «Սրվող մարտահրավերների ֆոնին մենք առավել մեծ ուշադրություն պետք է դարձնենք կրթության, գիտության, մշակույթի ոլորտներին, որովհետև բոլոր մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները, եզրակացությունները բերում ենք նրան, որ այս ոլորտում մեր ռազմավարական ներդրումներն են, որ ինչ-որ մի կետի բերելու են գլոբալ առումով այն խնդիրների լուծմանը որևէ բանաձևով, որը մենք այսօր ունենք»:

Այդ համատեքստում վարչապետը հանձնարարել է աշխատանքներ սկսել Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։

«Ուզում եմ խնդիր դնել, որ հենց այս պահից սկսենք աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում արվեստի և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։ Այս առումով խնդիր եմ առաջադրում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին այդ երկու տարբեր ավագ դպրոցների կրթական հատուկ ծրագրերը նախապատրաստելու առումով։ Իհարկե, սպայական ավագ դպրոցի պարագայում պետք է շատ սերտ գործակցություն լինի Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և այն կառույցների հետ, որոնք իրենց ծառայության մեջ ունեն սպայական ծառայության բաղադրիչը։

Պետք է առանձնահատուկ կրթական ծրագրեր ներդնենք այս երկու ավագ դպրոցներում։ Նախորդ փուլերում ինչ-որ աշխատանքներ այս ուղղությամբ արվել են, պետք է ուղղակի ամփոփվեն։ Եվ նաև Քաղաքաշինության կոմիտեին եմ խնդիր առաջադրում՝  սկսել նախագծման աշխատանքները, որոնք շատ սերտ կապի մեջ կլինեն բովանդակայնության հետ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին խնդիր եմ առաջադրում, որ տեղորոշենք, թե որտեղ են ստեղծվելու այդ դպրոցները։ Երբ ասում եմ դպրոց ստեղծել, նկատի ունեմ ստեղծել զրոյից, այսինքն` բացառում եմ որևէ գոյություն ունեցող շենքերում այդ ուսումնական հաստատությունների տեղակայումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետն ընդգծել է նաև, որ  ավագ դպրոցները պետք է արդիական կրթական ծրագրեր, արդիական նորակառույց ենթակառուցվածք ունենան և հագեցած լինեն ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին