Կարևոր իրադարձություններ

Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն ու գործարար, ներդրումային միջավայրը

12 Հունվար, 2023 15:09
Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն ու գործարար, ներդրումային միջավայրը

Գործադիրը հավանություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարողներին աջակցելու, տվյալ ոլորտների զարգացմանը նպաստելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու, ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրքերի մատչելի դրույքաչափեր սահմանելու անհրաժեշտությամբ։

Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն և գործարար ու ներդրումային միջավայրը, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող որոշակի ծախսերը և նախագծի կիրարկման արդյունքում կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները:

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը,  նախարարության գլխավոր առաքելություններից մեկը բիզնես միջավայրը Հայաստանում հեշտացնելն ու լավացնելն է:

«Անցած տարի ընդունել ենք 19 իրավական ակտ, այդ թվում՝ հողային օրենսգրքի, արտահանման խրախուսման, որոշակի գործունեության տեսակների օտարերկրյա ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն հեշտացնելու վերաբերյալ: Այսօրվա մեր նախագիծը նմանատիպ մի նախագիծ է, որն ուղղված է բիզնես միջավայրի որոշ ոլորտներ էապես հեշտացնելուն: Ոլորտները 7-ն են՝ գարեջրի արտադրություն, գինու, խնձորի, հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ խմիչքների, 100 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման և այլ գործունեության տեսակների համար մենք վերացնում ենք ծանուցման պահանջը: Ծանուցումը դա պարզեցված լիցենզիան է, և այս գործունեության տեսակներից լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալիս, որ այս ոլորտներում ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան ավելի հեշտ մտնել շուկա և ազատեն իրենց ավելորդ թղթաբանությունից:

Մեր կարծիքով՝ ավելորդ, որովհետև, ըստ էության,  թղթերի հետ ենք աշխատում, այլ ոչ թե իրական ստուգումներ ենք անում: Նախագիծը վերաբերում է նաև որոշակի գործունեության տեսակների համար նաև պետական տուրքի էապես նվազեցմանը: Դրանք են՝ վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմեր: Այդ ընկերությունները պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք այդ տիպի արտադրանք արտադրելու համար, հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն դրամ:Այսօր մենք ունենք նաև էական մեծ պահանջարկ այս տիպի արտադրանքի համար թե՛ Հայաստանում, թե՛ արտահանման առումով: Կարծում ենք՝ այս փոփոխությունը պետք է խթանի այս գործունեությամբ զբաղվելը»,-ասել է նախարարը:

Նշվել է նաև, որ մի առանձին կետով էլ վերացվում է  շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը:

Վարչապետը կարևորել է  օրինագծերի ընդունումը և  ոլորտում առկա խնդիրների լուծումը: 

 

Լրահոս

Դիտել ավելին