Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    420
    436

  • RUB

    5,38
    5,78

Կարևոր իրադարձություններ

Մեր հինգ հոգանոց ընտանիքը փոքրացավ, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց. «Փաստ»

12 Հունվար, 2023 09:18
Մեր հինգ հոգանոց ընտանիքը փոքրացավ, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրանտ Գրիգորյանը պայմանագրային զինծառայող էր, ենթասպա, ծառայել է Խաղաղապահ զորքերում: Երկու քույրերի միակ եղբայրն էր Հրանտը, իր ընտանիքը դեռ չէր հասցրել ստեղծել, սիրած աղջիկ ուներ, պետք է ամուսնանային, բայց չստացվեց:

«Եղբայրս անչափ բարի էր, հումորով, ժպտերես, բոլորին հասնող: Սիրված էր հրամանատարության և ծառայակից ընկերների կողմից, իրեն շատ էին հարգում: Ընկերական էր բոլորի հետ շփման ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հրանտի քույրը՝ Լիլիթը:

Վերհիշում է՝ գյուղի ջահելությունը, իսկ Հրանտը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր, հավաքվում էր նրա շուրջը, որ վերջինս խոսեր, կատակեր, բոլորը պատրաստ էին անվերջ լսել Հրանտին: Եղբորը նկարագրելիս Լիլիթը նրան բնորոշում է և՛ որպես հանգիստ, և՛ աշխույժ բնավորություն ունեցող մարդ: «Զորամասում Հրանտի հրամանատարը՝ գեներալ Արտակ Տոնոյանն իրեն երբեք անունով չի դիմել, նրան բոլորը «քեռի» են կոչել: Պատմում են, որ Հրանտը սիրել է սասունցիների բարբառով խոսել»,-վերհիշում է զրուցակիցս:

Հետաքրքրվում եմ՝ Հրանտը ե՞րբ է որոշել զինվորական դառնալ: «Կարծում էինք, որ նա Թատերականում կշարունակի ուսումը: Արդեն ասացի, որ կատակասեր էր, հումորով, կարողանում էր ամենայն ճշգրտությամբ մարդկանց նմանակել: Մյուս կողմից՝ իրեն գրավում էր նաև օդաչուի մասնագիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի գյուղատնտեսական համալսարան: 2007 թվականին զորակոչվեց բանակ, ծառայել է Քարվաճառում: Իսկ 2011 թվականից Հրանտը ծառայության անցավ Հայաստանի խաղաղապահ բրիգադում: Ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր ու շքանշաններ: Խաղաղապահ առաքելության կազմում եղել է Կոսովոյում, Գերմանիայում»,-պատմում է քույրիկը:

Հրանտի հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին՝ Շուշիի մարտերին, հետո Քառօրյա պատերազմին: Պարգևատրվել է շքանշաններով. «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, հայրս կրկին մեկնեց Արցախ, սակայն ճանապարհին ստանալով Հրանտի զոհվելու լուրը՝ վերադարձավ՝ այդպես էլ մարտի դաշտ չհասնելով»:

Պատերազմի օրերին Հրանտը մեկնել է Քարվաճառ՝ հենց իր ծառայած տեղը, այնտեղ էլ զոհվել է: Լիլիթի հետ սկսում ենք պատերազմի մասին զրուցել. «Սեպտեմբերի 27-ին Հրանտը տանն էր: Զանգեցին՝ տագնապ է, պետք է զորամաս գաս: Որևէ բան չասացին Արցախ մեկնելու մասին: Գնաց զորամաս, ու հենց նույն օրն էլ ճանապարհվել էին Քարվաճառ: Մամային զանգեց՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնում եմ իմ ծառայած տեղը: Հասել է Արցախ, մեկ օր զանգել է, զրուցել մեզ հետ ու վերջ: Սեպտեմբերի 29-ին Քարվաճառում թեժ մարտերի ժամանակ բեկորային մահացու վիրավորում էր ստացել: Եղբայրս զոհվել է հենց այն դիրքում, որտեղ 2014 թվականին հակառակորդի կրակոցներից զոհվել էր մեր քեռին՝ Ռուբոն, նա ևս պայմանագրային զինծառայող էր: Այդ դիրքում հետագայում նաև խաչքար էին տեղադրել, հենց այդտեղ էլ Հրանտն է զոհվել»:

Հետո արդեն մեր զրույցը ճակատագրի մասին է, արդյո՞ք սա էր Հրանտի ու մի քանի հազար տղաների ճակատագիրը, ճակատագիր ասելո՞վ ենք փորձում ինքներս մեզ սփոփել, թե՞… Իսկ մեզ հնարավո՞ր է ինչ-որ կերպ սփոփել, այս ցավն անգամ չի սպիանալու: Որոշ ժամանակ անց արդեն Հրանտի մարտական ընկերներն են պատմել նրա ընտանիքին. Օմարի լեռներում թեժ մարտեր էին:

«Մարտական ընկերների պատմելով, Հրանտը կռվի ամենաթեժ պահին օգնել է ժամկետային զինծառայողներին, վիրավոր տղաներին դուրս է բերել վտանգավոր գոտուց, զոհված տղերքի մարմինները ևս չի թողել մարտի դաշտում: Ընկերներն են փաստում՝ բազմիցս փրկել է իր մարտական ընկերների կյանքը։ Չնայած մարտի դաշտում անցկացրած շատ կարճ ժամանակահատվածին, որպես զինվոր լիարժեքորեն կատարել է իր պարտականությունները: Ի վերջո, փորձված զինվորական է եղել: Ասում են՝ անվախ էր, առաջ էր նետվում, բոլորին օգնության հասնում: Վիրավորներից վերջինին մարտական դիրքերից իջեցնելուց էլ բեկորային վիրավորում է ստանում և զոհվում»,-պատմում է Լիլիթը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին