Կարևոր իրադարձություններ

Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր ավագ դասարանների համար

10 Հունվար, 2023 19:18
Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր ավագ դասարանների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ռազմահայրենասիրական մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում նախ անդրադարձել է «Անվտանգ դպրոցներ» ծրագրի իրականացման շրջանակում տարածված և հանրային շահարկման թեմա դարձած շրջաբերականին՝ ընդգծելով, որ այն որևէ առնչություն չի ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուսումնական գործընթացի հետ:

«Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը  վավերացրել է դեռևս 2017 թվականին և, ի թիվս 115 այլ պետությունների, ստանձնել պարտավորություն զերծ մնալ դպրոցների տարածքներում ռազմական կառույցներ տեղակայելուց: Այն նպատակ ունի ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ երեխաներին և կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ խոսքը բուն ռազմականացված կառույցների մասին է՝ երեխաների անվտանգությունը դպրոցներում ապահովելու նպատակով և չի վերաբերում ուսումնական ծրագրին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ռազմահայրենասիրական կառույցների հետ համագործակցության հեռանկարները՝ ամառային մարզառազմական ճամբարների կազմակերպման համատեքստում, որն իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում և միտված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը: Ծրագիրն արդեն իրականացվել է Տավուշի մարզի դպրոցականների համար:

«Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2023-2024 ուսումնական տարվանից մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար: Արդեն հաջորդ տարվանից  ծրագիրը ներդրվելու է Հայաստանի բոլոր մարզերում, և մենք ռեսուրսների կարիք ենք ունենալու:  Պատրաստ ենք օգտագործել ձեր ռեսուրսը նաև որպես հրահանգիչներ, ինչպես նաև քննարկել համագործակցային ծրագրերի նոր ձևաչափեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

10-օրյա ռազմամարզական ճամբարը կազմակերպվել է 2022 թվականի ամռանը Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար, քանի որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը փորձարկվել է հենց Տավուշի դպրոցներում: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների աշակերտներ:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի ընդգծմամբ՝ նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացումն առաջնային խնդիր է:

«Ռազմամարզական ճամբարը նոր չափորոշիչների մաս է՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները հարստացնելու, համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու, տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով ամրապնդելու համար»,- նշել է Արսեն Բաղդասարյանը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն էլ անդրադարձել է առարկայի ծրագրային հիմնական փոփոխություններին. «ՆԶՊ առարկայի ծրագրային փոփոխությունները երկար ժամանակ է՝ քննարկվում էին և արդեն գրեթե վերջնական տեսքի են բերվել: Առարկայի ծրագրային փոփոխությունների էական հայեցակարգային մոտեցումն այն է, որ առարկան լսարանային պարապմունքներից դուրս է բերվել՝ համակցելով գործնական պարապմունքների փուլին: Առարկայի ծրագրում ավելացվել են լեռնային պատրաստության և հոգեբանական պատրաստության բաղադրիչները, որոնք առաջնային նշանակություն ունեն: Երկու հիմնական նպատակ ենք հետապնդում՝ նախ, որ դպրոցն ավարտելիս բանակային միջավայրում ապրելով՝ մեր պատանիներն իրենց կարողանան ճիշտ դրսևորել, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակներում, պատերազմների ժամանակ երեխաները հոգեբանորեն պատրաստված լինեն: Շատ կարևոր բաղադրիչ է ավելացել մարտավարություն առարկայի բաժնում՝ անհատական և խմբային ֆիզիկական պատրաստություն, որն էապես կապված է «Ֆիզկուլտուրա» առարկայի մարզումների հետ»,- ասել է Արթուր Կարապետյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրենի դիտարկմամբ՝ ռազմամարզական ճամբարների կազմակերպման մեկնարկը հաջողված է, ինչին էապես նպաստել են ծրագրում ներգրավված հմուտ մասնագետները:

Նշենք, որ ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում երեխաներն ուսանում են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն ու այլ դասընթացներ` զարգացնելով գործնական հմտությունները:

Հանդիպմանը քննարկվել է նաև ռազմամարզական ճամբարներում ազգային երգ ու պարի, այդ թվում ռազմապարերի ուսուցման հարցը, որը կիրականացվի ոլորտային մասնագիտացված կազմակերպությունների, մասնավորապես «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ համագործակցությամբ:

Ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ՆԶՊ առարկայի դասավանդմանը և ռազմամարզական ճամբարների կազմակերպմանն առնչվող մի շարք առաջարկներով՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին