Կարևոր իրադարձություններ

Մարտահրավերներից ամենասուրը հակամարտությունների թեժացումն է. «Փաստ»

10 Հունվար, 2023 08:02
Մարտահրավերներից ամենասուրը հակամարտությունների թեժացումն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներկայում աշխարհը շատ արագ է փոխվում։ Ըստ երևույթին, դա կապված է նրա հետ, որ գլոբալացման պայմաններում պետությունները ավելի ու ավելի են փոխկապակցված։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղաշարժեր կամ գործընթացներ են տեղի ունենում, ապա այդ իրողություններն իրենց ազդեցությունն են ունենում նաև այլ տարածաշրջանների վրա՝ անգամ հեռավոր։

Մյուս կողմից էլ՝ ակտիվ աշխարհաքաղաքական տեղաշարժերը լուրջ սպառնալիքներ կարող են ստեղծել ոչ միայն որոշ երկրների, այլև ամբողջ մարդկության համար։ Եվ մեծ թվով փորձագետներ 2023 թվականի համար բազմաթիվ մարտահրավերներ են մատնանշում։ Իսկ այդ մարտահրավերներից ամենասուրը կոնֆլիկտների թեժացումն է։ Հակամարտություններից ամենամասշտաբայինը ներկա պահին Ուկրաինայում ընթացող պատերազմն է, որը, Եվրոպայից բացի, էական ազդեցություն է ունեցել նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։

Ուկրաինական հակամարտությունը և ՌԴԱրևմուտք առճակատումը էներգետիկ և պարենային ճգնաժամի, գնաճի, մատակարարման շղթաների փոփոխության և միգրացիոն հոսքերի պատճառ են դարձել։ Մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմով է պայմանավորված, որ բազմաթիվ երկրներ այս տարվանից սկսած շեշտակիորեն բարձրացնում են իրենց ռազմական ծախսերը և առանցքային տեղ հատկացնում սպառազինությունների արտադրությանն ու մատակարարմանը։ Հաշվի առնենք նաև, որ ուկրաինական հակամարտությունը աշխարհակարգի փոփոխություն է «խոստանում»։

Ըստ այդմ, վերլուծություններ են կատարվում, թե նոր աշխարհակարգը բազմաբևեռ է լինելու, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ նոր համաշխարհային կարգը, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, և դեռևս նկատելի չեն դրանց դադարեցման նախադրյալները։ Մասնագետների կարծիքով, ռազմական գործողությունները ևս մեկ կամ մեկուկես տարի կարող է տևեն։

Օրինակ՝ Հյուսիսային Իրաք և Սիրիա թուրքական ներխուժումները արդեն դարձել են օրինաչափ երևույթ։ Միևնույն ժամանակ, լարված են թուրք-հունական հարաբերությունները։ Անգամ բացառված չէ Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական բախման հավանականությունը հատկապես այն պայմաններում, որ այս տարի Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ գործող նախագահ Էրդողանի վարկանիշն անկում է ապրում։ Եվ վերջինս կարող է արտաքին հարձակումների և այլ արկածախնդրությունների միջոցով իր վարկանիշը վերականգնելու կամ ընտրությունները տեղափոխելու փորձեր կատարել։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ հենց Թուրքիան է Ադրբեջանին դրդում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի։ Էրդողանը ցանկանում է իրեն վերապահել պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման դափնիները, դրա համար էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը դուրս չի գալիս թուրք-ադրբեջանական օրակարգից։ Եվ այստեղ է, որ Թուրքիայի շահերը բախվում են մեկ այլ խոշոր խաղացողի՝ Իրանի շահերի հետ, քանի որ պանթուրքական ծրագրերը սպառնում են նաև այդ երկրին»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին