Կարևոր իրադարձություններ

Փարաջանովի թանգարանը՝ նոր ծրագրերով (լուսանկարներ)

09 Հունվար, 2023 13:06
Փարաջանովի թանգարանը՝ նոր ծրագրերով (լուսանկարներ)

2023 թվականի հունվարի 9-ին լրանում է համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 99-ամյակը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատակիցները, նրա արվեստի երկրպագուները այսօր կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին: Այնուհետև Փարաջանովի ու թանգարանի ընկերները, բարեկամները, նրա արվեստի երկրպագուներն ու թանգարանի այցելուները կհավաքվեն թանգարանում, կցուցադրվի «Ո՞վ էր 66-ամյա Փարաջանովը» խորագրով վավերագրական ֆիլմը:

Ս. Փարաջանովի թանգարանը տարվա ընթացքում նախատեսում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ կկազմակերպի «Կինոյի տաճար» ցուցահանդեսը, և կցուցադրվեն հատվածներ «Նռան գույնը» ֆիլմից: Այցելուներին կներկայացվի «Իրական, անիրական Փարաջանովը» խորագրով թատերական ներկայացումը:

Նախատեսվում է կինոդիտում-քննարկում, կցուցադրվեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցները: Թանգարանը Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ կիրականացնի թատերական նախագծեր՝ մնջախաղի միջոցով կենդանացնելով Ս. Փարաջանովի ստեղծագործությունները: Տեղի կունենա դասախոսությունների շարք, կմշակվի և կհրատարակվի Փարաջանովի լավագույն ֆիլմերի եռալեզու տեղեկատվական գրքույկը, կստեղծվի ֆոնդային ստեղծագործությունների էլեկտրոնային գեղադիտակը, կհրատարակվի փարաջանովյան աֆորիզմների գիրքը:

2022 թվականը ևս բովանդակալից ու ակտիվ գործունեության շրջան է եղել Ս. Փարաջանովի թանգարանի համար:

Տարվա ընթացքում թանգարանը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, ընդլայնել է միջազգային և տեղական համագործակցությունը՝ կազմակերպելով ժամանակավոր ցուցահանդեսներ արտասահմանում, թանգարանում և թանգարանի տարածքից դուրս:

Նախորդ տարի միջոցառումների մեկնարկը տրվել է հունվարի 9-ին՝ Ս. Փարաջանովի ծննդյան օրը, «Ներքին ազատություն: Փարաջանովը տանը» ինստալյացիայի շնորհանդեսով: Փետրվարին «Արվեստի ընկերներ» մշակութային-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ թանգարանը գործարկել է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կայքէջը, որը հասանելի է www.parajanovmuseum.am հասցեով: Բացվել է «Չարենցը Փարաջանովի հարկի տակ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին:

 

Լրահոս

Դիտել ավելին