Կարևոր իրադարձություններ

Ովքեր են 2022 թվականի լավագույն ուսանողները

05 Հունվար, 2023 16:57
Ովքեր են 2022 թվականի լավագույն ուսանողները

Ամփոփվելեն 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ. մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ:

1-ին տեղը զբաղեցրել են 13 ուսանողներ, որոնց կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանողներ, որոնք կստանան 348.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողների կշնորհվի 233.000-ական դրամ կրթաթոշակ:

Մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: 

Համաձայն ընթացակարգի՝ մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը և ոլորտում ըստ հերթականության ներկայացված չափանիշները:

Նշենք, որ «Լավագույն ուսանող»մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման դրույթների:

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին