Կարևոր իրադարձություններ

Պարզվել են Ալավերդու ԲԿ-ում բժշկի նկատմամբ կատարած խուլիգանության հանգամանքները

05 Հունվար, 2023 12:35
Պարզվել են Ալավերդու ԲԿ-ում բժշկի նկատմամբ կատարած խուլիգանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են նույն մարզի 36-ամյա բնակչի կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն»-ում կատարված խուլիգանության և բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները։ Հայտնում է ՔԿ-ն։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ․ հունիսի 18-ին, գիշերը, սթափության վիճակի զննություն կատարելու նպատակով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինիս հետ եկած 36-ամյա տղամարդը բուժհաստատության մասնաշենքի 1-ին հարկում՝ ընդունարանի և բժիշկների սենյակի մոտ գտնվող միջանցքում, սթափության վիճակը զննելու կապակցությամբ վիճաբանել է ստուգումն իրականացնելուն նախապատրաստվող՝ հիշյալ ՓԲԸ շտապ օգնության հերթապահ բժշկի հետ, քաշքշել նրա հագուստներից։ Ապա աշխատասենյակից վերջինիս դուրս քաշելով միջանցք՝ նա 3-4 անգամ ձեռքերով հարվածել է բժշկի դեմքին և կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Այս գործողություններն ուղեկցվել են բարձր աղմուկով, միայն այլ բուժաշխատողների միջամտությամբ է հաջողվել տվյալ անձին դուրս հրավիրել բժշկական կենտրոնից։

Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է բժշկական կենտրոնի և հիշյալ աշխատակիցների բնականոն գործունեությունը, բժշկին չի հաջողվել կատարել սթափության վիճակի ստուգում, իսկ ներկաների մոտ առաջացել է վախի ու տագնապի զգացողություն:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին