Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

04 Հունվար, 2023 16:47
Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության մի շարք ծրագրերի ընթացքի վերաբերյալ, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումները:

Զեկուցվել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2018-2022թթ. ջերմաարդիականացվել է շուրջ 140 շենք, որից 100-ը՝ բնակելի: Նախաձեռնվել են ծրագրի արդյունավետության բարձրացմանը միտված քայլեր: Ներկայացվել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման ուղղությամբ աշխատանքները: Վարչապետը նշել է, որ նշված ծրագրերի հաջող իրականացումը Կառավարության առաջնահերթությունների շարքում է և հանձնարարել պատասխանատուներին դրանք պահել ուշադրության կենտրոնում:

Կառավարության ղեկավարին են ներկայացվել խորքային հորերի լուծարման և/կամ կոնսերվացման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվել է, որ դրանց քանակը հստակեցվել է, այժմ ամփոփվում են աշխատանքների իրականացման և տեխնիկական վերահսկողության համար անցկացված մրցույթները: Զեկուցվել է արտեզյան ավազանի վիճակի և գետային էկոհամակարգերի պահպանության մասին: Վարչապետն ընդգծել է, որ ջրառի, հորատման և արտեզյան ավազանի արդյունավետ կառավարման գործընթացը ռազմավարական խնդիր է, և հանձնարարել է առաջ շարժվել տեսանելի, չափելի գործողությունների ծրագրով:

Տեղեկատվություն է ներկայացվել Սևանա լճի մակարդակի բարձրացման, ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաև սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի համակարգի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետագա գործունեության, կողակ ձկնատեսակի վերականգնման ծրագրերի վերաբերյալ: Ի թիվս մյուս միջոցառումների՝ նշվել է, որ հաշվետու տարում սիգի արդյունագործական որսի ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող ձկնորսների թիվը հասել է 800-ի, 2022 թվականից արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում է այս տարի ամռանը ունենալ ևս 3 հանրային լողափ՝ համապատասխան կահավորմամբ և անվճար ծառայությունների ցանկով: Աշխատանք է տարվում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման ուղղությամբ:

Քննարկման առարկա են դարձել նաև բնության հուշարձանների հայտնաբերման ու սահմանման, ՊՈԱԿ-ների կառավարման ու գործունեության արդյունավետության բարձրացման, ընդերքօգտագործման թափոնների ռեկուլտիվացման, անտառտնկման ուղղությամբ կատարված միջոցառումները: Նշվել է, որ թույլատվական փաստաթղթերի՝ լիցենզիաների էլեկտրոնային համակարգի ներդրմամբ զգալիորեն կրճատվել են դրանց տրամադրման ժամկետները։

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է ոլորտային ուղղություններով ռազմավարական տեսլականի հստակեցումը, ինչպես նաև միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունը և միջգերատեսչական համագործակցությունը: Կառավարության ղեկավարը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է անտառտնկման ծավալների ավելացման անհրաժեշտության վրա և հանձնարարել ներկայացնել կոնկրետ գործողությունների ծրագիր՝ տնկանյութի արտադրության խթանում, ներմուծում և մյուս բաղադրիչները ներառելով:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բնության հատուկ պահպանվող տարածքների ծառայության ներդրմանը՝ նշելով, որ վերջինիս գործունեության հիմքում պետք է դրվեն նոր չափանիշներ և սկզբունքներ: Վարչապետ Փաշինյանը նաև հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում իրականացնել Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին