Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է մաքսային ծառայողներին

04 Հունվար, 2023 12:45
Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է մաքսային ծառայողներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է մաքսային ծառայողներին, որոմ մասնավորապես ասված է՝

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պաշտպանության և առևտրի դյուրինացման ոլորտներում մաքսային ծառայության դերն առանցքային նշանակություն ունի: Համակարգի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար անկյունաքարային նշանակություն ունեն ենթակառուցվածքների արդիականացումը, վարչարարության պարզեցումը, էլեկտրոնային ծառայությունների զարգացումը, էլեկտրոնային առևտրի մարտահրավերներին պատշաճ արձագանքումը, մասնագիտական ներուժի շարունակական ամրապնդումը և բարեվարք կադրերի ներգրավումը: Այդ ամենը վերջնաարդյունքում միտված է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Օգտագործելով մասնագիտական տոնի առիթը՝ կցանկանայի առանձնացնել մաքսային ծառայության բարեփոխումների արդյունքում արձանագրված մի շարք ձեռքբերումներ: Վերջին շրջանի կարևոր նվաճումներից է բարեվարքության նորմերով առաջնորդվող և մասնագիտական բարձր կարողություններով օժտված աշխատակիցների ներգրավումը: Կոմիտեի կազմակերպած դասընթացների արդյունքում համակարգը համալրվել է նոր չափանիշներին համապատասխանող 160 ծառայողներով, ովքեր, փորձառու գործընկերների հետ միասնաբար, նպաստելու են համակարգի հետագա զարգացմանը: 2022 թվականի հոկտեմբերի 15-ից կադրային բարեփոխումների հենքի վրա գործում է նոր՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը:

Համատեղ ջանքերով իրականացված կարևոր քայլերից է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական ներդրումը, հայտարարատու-մաքսային ծառայող շփումների նվազեցումը։ Իսկ նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը թույլ է տալիս ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին՝ առանց որևէ լրացուցիչ վճարների, 24/7 ռեժիմով, առավելագույնը 3 ժամվա ընթացքում: Սահմանային անցակետերում, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման շրջանակում, բեռնատարների ամբողջական հսկողությունից անցում է կատարվել թիրախային հսկողության:

Հարգելի գործընկերներ, մաքսային ծառայության ամենօրյա գործունեության կարևորագույն առաքելություններից է մաքսանենգության և իրավախախտումների դեմ պայքարը: Այս ուղղությամբ ևս հաջողություններն ակնառու են. նախորդ տարվա ընթացքում կանխվել են մաքսանենգության և այլ օրինախախտումների հարյուրավոր դեպքեր: Այնուամենայնիվ, այս հարցում մարտահրավերներ դեռ շատ կան, անհրաժեշտ է համակարգված գործողությունների ծրագիր, որը կկանխի տնտեսական անվտանգության դեմ ուղղված բոլոր տեսակի սպառնալիքները:

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, 2023 թվականին մեր համակարգի կարևոր անելիքներից է սահմանը հատող քաղաքացիների և գործարարների համար հարմարավետ և արդար պայմանների ապահովումը՝ բացառելով բոլոր տեսակի իրավախախտումները:
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ՝ ի նպաստ համակարգի զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության:

 

Լրահոս

Դիտել ավելին