Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում նախատեսվում է ընդունել հակակոռուպցիոն նոր ռազմավարություն. Գրիգոր Մինասյան

04 Հունվար, 2023 11:18
Առաջիկայում նախատեսվում է ընդունել հակակոռուպցիոն նոր ռազմավարություն. Գրիգոր Մինասյան

Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն։ Այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե հակակոռուպցիոն ի՞նչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ են նախատեսում 2023 թվականին։

«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Առաջիկայում նախատեսվում է ընդունել Հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հաղորդակցման գործողությունների ծրագիր՝ միտված հանրության իրազեկման շարունակականության ապահովմանը, բարեվարքության ստուգմանն ուղղված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանը, միջազգային պարտավորությունների շրջանակներում մի շարք միջոցառումների իրականացմանը, հատկապես՝ ԳՐԵԿՈ (Group Of States Against Corruption), ՏՀԶԿ (Organisation for Economic Co-operation and Development) նոր հանձնարարականների ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում նաև Summit for Democracy-ի նոր թեմատիկ խմբերին ՀՀ ներգրավման և համակարգման ուղղությամբ»,- ասաց Մինասյանը։

Նախարարը հիշեցրեց, որ  անցնող տարում ձևավորվել են և սկսել են գործել Հակակոռուպցիոն դատարանը` 15 դատավորի թվակազմով, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը` 10 դատավորի թվակազմով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում առանձնացվել են հակակոռուպցիոն գործերով բողոքներ քննող դատավորներ:

«Տարեվերջին ընդունված օրենսդրական փաթեթով սահմանվեց նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ այդպիսով ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը»,- ավելացրեց Մինասյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին