Բնական գիտությունների ոլորտում Նոբելյան մրցանակների թվով Ճապոնիան 2001 թվականից զիջում է միայն ԱՄՆ-ին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի Տոկիոյում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Նա այդպիսով մեկնաբանել է այս շաբաթ անընդմեջ երկու Նոբելյան մրցանակների շնորհումը Ճապոնիայի ներկայացուցիչներին՝ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Սատոսի Օմուրային և ֆիզիկոս, պրոֆեսոր Տակաակի Կաջիտային:
Սատոսի Օմուրան իռլանդացի Ուիլյամ Քեմփբելի հետ առանձնացվել է «մակաբույծ որդերի առաջացրած ինֆեկցիաների դեմ նոր թերապիայի ստեղծման համար»: Տակաակի Կաջիտան և Արթուր Մաքդոնալդը (Կանադա) Նոբելյան մրցանակ են ստացել «նեյտրինային տատանումների բացահայտման համար»:
Ֆիզիկայի ոլորտում ճապոնացի գիտնականներն այդպիսի մրցանակներ են ստանում արդեն երկրորդ տարին անընդմեջ:
«Ճապոնիան 2001 թվականից Նոբելյան մրցանակների թվով զիջում է միայն ԱՄՆ-ին,- նշել է Սուգան:- Սա նշանակում է, որ աշխարհը ճանաչել է մեր գիտության բարձր մակարդակը»: