Կարևոր իրադարձություններ

ՔԿ-ն պարզաբանում է տարածել Վանեսքեհյանի վերաբերյալ քրեական վարույթների առնչությամբ

09 Դեկտեմբեր, 2022 18:22
ՔԿ-ն պարզաբանում է տարածել Վանեսքեհյանի վերաբերյալ քրեական վարույթների առնչությամբ

Հաշվի առնելով, որ մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն միակողմանի տեղեկատվություն է տարածվում է․Վանեսքեհյանի վերաբերյալ քրեական վարույթների առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում հանրությանը տեղեկացնել հետևյալը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում տվյալներ են առկա այն մասին, որ 2022թ․ նոյեմբերի 19-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ՕԿԿ-ից լռության կանոնների խախտման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության և Արաբկիրի բաժնի աշխատակիցները ժամանել են Երևան քաղաքի Սարմեն փողոցի համապատասխան հասցե, որտեղ նկատել են, որ երկու քաղաքացի միմյանց փոխադարձ հարվածներ են հասցնում և հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ: Քաղաքացիներից մեկը ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցներին հարվածներ է հասցրել և պոկել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրակցված տեսախցիկը։ Նշված անձը՝ է․Վանեսքեհյանը, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ձերբակալվել` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական, վարութային գործողությունների, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Զննության են ենթարկվել ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների ծառայողական համազգեստներին ամրակցված տեսախցիկների՝ քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները և կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնցում առկա են Է․Վանեսքեհյանի կողմից ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և առերևույթ բռնություն գործադրելու հանգամանքների մասին տվյալներ։
20.11.2022թ․, բավարարելով ներկայացված միջնորդությունը, քրեական վարույթի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել` Է․Վանեսքեհյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրան ներկայացվել է մեղադրանք:
21.11.2022թ. բժշկական կենտրոնից Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է տեղեկանք` այնտեղ տեղափոխված Է․Վանեսքեհյանի ինքնազգացողության վատացման, դրանով պայմանավորված՝ հիվանդի անկողնային ռեժիմի խախտման անհնարինության մասին, որի պայմաններում որոշում է կայացվել` ձերբակալված Է․Վանեսքեհյանին ազատ արձակելու մասին:
05.12.2022թ․ որոշում է կայացվել` ազատության մեջ գտնվող մեղադրյալ Է.Վանեսքեհյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, և 06.12.2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Բացի այդ, 2022թ․ նոյեմբերի 19-ին փաստաբանից հաղորդում է ստացվել` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից իր վստահորդ Է.Վանեսքեհյանին խոշտանգման ենթարկելու մասին, որի արդյունքում վերջինս բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել և ընդունվել բուժհաստատություն ստացիոնար բուժման:
Դեպքի առթիվ 2022թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ:
Է․Վանեսքեհյանը ճանաչվել է տուժող, ոստիկանությունից պահանջվել են անհրաժեշտ վերաբերելի տվյալներն ու տեղեկությունները, որոնք դեռևս չեն ստացվել։
Այս վարույթով ևս նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին