Կարևոր իրադարձություններ

Այս տարին մեր հարաբերությունների պատմության մեջ հոբելյանական է. Աղաջանյանը՝ Ալժիրի դեսպանին

09 Դեկտեմբեր, 2022 16:46
Այս տարին մեր հարաբերությունների պատմության մեջ հոբելյանական է. Աղաջանյանը՝ Ալժիրի դեսպանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սմաիլ Բենամարային:Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է նրան դեսպան նշանակվելու կապակցությամբ:

«Այս տարին մեր հարաբերությունների պատմության մեջ հոբելյանական է. դեկտեմբերին լրանում է Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սակայն, ցավոք, այս տարիներին լիարժեքորեն չի օգտագործվել գործակցության այն ամբողջ ներուժը, որն օգտակար կլիներ երկու երկրների համար»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ահռելի աշխատանք կա կատարելու:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտության լավագույն գործիքներից է բարեկամական խմբերի գործունեությունը եւ որպես առաջին քայլ՝ առաջարկել է քննարկել երկկողմ խորհրդարանական բարեկամական խմբեր ձեւավորելու հարցը:

Սմաիլ Բենամարան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ևս կողմ է արտահայտվել միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, ինչպես նաեւ մշակութային, կրթական, գիտական շփումներն ակտիվացնելուն:

Էդուարդ Աղաջանյանը դեսպանին ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը` կարեւորելով կայուն խաղաղության հաստատումը: 
  
Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության խթանման հարցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին