Կարևոր իրադարձություններ

Պետական պարտքի կառավարումը հուսալի և ոչ ռիսկային իրավիճակում է. ֆինանսների փոխնախարար

09 Դեկտեմբեր, 2022 16:12
Պետական պարտքի կառավարումը հուսալի և ոչ ռիսկային իրավիճակում է. ֆինանսների փոխնախարար

Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ. նոյեմբերի 17-ին ստորագրվել է «ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով:Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Ուստի և վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը հնարավորություն ունի ընտրելու՝ ֆիքսվա՞ծ, թե՞ լողացող տոկոսադրույքով է ներգրավվում վարկը: Ֆիքսված տոկոսադրույքը կազմում է 3,87 տոկոս: Վարկի ժամկետի տևողությունն է 20 տարի, իսկ արտոնյալ ժամկետը` 5 տարի:

Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ բյուջետային աջակցության վարկային միջոցներն ուղղված են այնպիսի կարևոր բարեփոխումների, ինչպիսիք են կապիտալ ներդրումներն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք կնպաստեն հետագա կառավարման համակարգի, ֆինանսական շուկաների բարելավմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճի զարգացմանը: Բարեփոխումներով նախատեսվում է, որ Կառավարությունը պետք է պլանավորի իր ծախսերը` ելնելով ռազմավարական առաջնահերթություններից:

Անդրադառնալով բյուջեի ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին` հիմնական զեկուցողը նշել է, որ ստեղծվել է բյուջետային կոմիտե, որը եռամսյակային կտրվածքով քննարկելու է նաև կապիտալ ծախսերի թերակատարումներն ու պատճառները:

Խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին` Վահե Հովհաննիսյանը նշել է, որ այս տարվա դեկտեմբերի 1-ի ցուցանիշով, նախորդ տարվա համեմատությամբ, տոկոսային առումով բարելավում է գրանցվել:

Պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խնդրանքով Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է լողացող տոկոսադրույքի ռիսկերին: «Ցանկացած լողացող տոկոսադրույքով վարկ մենք կարող ենք ֆիքսել, պարզապես դա առաջացնում է հավելյալ ծախսեր»:

Գլխադասային` ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ  ներկայացրել է Արուսյակ Մանավազյանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ պետական պարտքին, նշել է, որ պետական պարտքի կառավարումը գտնվում է հուսալի և ոչ ռիսկային իրավիճակում:

Խորհրդարանը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին