Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը. Արշակյան

09 Դեկտեմբեր, 2022 15:05
Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը. Արշակյան

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությանը՝ հանդիսանալով ամենաարագ աճող եւ զարգացող ճյուղը:

«Սրա վկայությունն է այն, որ տարածաշրջանային ճգնաժամի դեպքում տաղանդի ներհոսքը հիմնականում եւ ամենակարեւոր ուղղություններով տեղի ունեցավ Հայաստան»,-փաստել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ մեր պետությունն իր առջեւ դրված խնդիրը՝ լինել տեխնոլոգիական կենտրոն, որպես բարձր տեխնոլոգիական երկիր՝ ներկայանալ միջազգային ասպարեզներում, ոչ ամբողջապես, բայց տարածաշրջանային ձեւաչափով կարողացել է լուծել:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ տարածաշրջանում բազմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են իրենց հարկային համակարգերով, ենթակառուցվածքային ծրագրերով, տարբեր ուղղություններով մեծ ընկերությունների հետ բանակցելու մարտավարությամբ:

«Սա անհրաժեշտ է որպես մարտահրավեր ընդունել եւ շարունակել այս ուղղությամբ աշխատել ու ջանքեր գործադրել»,-ասել է նա եւ ընդգծել, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը թեպետ առաջատար է աճի տեմպերով, այնուամենայնիվ, կիրառման գործիքակազմը թե՛ հասարակությունում, թե՛ բիզնեսի կողմից ոչ այնքան բարձր մակարդակի վրա է:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գիտության, կրթության եւ տնտեսության կապի կարեւորությանը՝ նշելով.

«Գիտություն, կրթություն, արդյունաբերություն եւ տնտեսություն կապն անհրաժեշտ է բերել ֆունդամենտալ նոր մակարդակի վրա, եւ սա պիտի լինի Հայաստանի գիտատեխնոլոգիական նոր թռիչք ապահովելու ապագայի մասին մեր խոսակցությունը»: Նրա համոզմամբ գիտությունը, տնտեսությունը, արդյունաբերությունն ու կրթությունը պետք է իրենց ծրագրերով համահունչ լինեն եւ ծառայեն նույն նպատակներին:

Եզրափակելով խոսքը՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները եւ մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը եւ Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Այնուհետեւ պանելային քննարկումների ձեւաչափով անդրադարձ է եղել խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարներին: Ներկաները դիտել են նաեւ նախորդ երեք միջոցառումների մասին պատմող տեսահոլովակ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին