Կարևոր իրադարձություններ

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը

09 Դեկտեմբեր, 2022 13:10
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Հայ մարզուհին, որը հանդես է եկել B խմբում, երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել է 18-րդ տեղը:

Առանձին վարժություններում ևս Յայլյանը դուրս է մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 90 կգ կշռող ծանրաձողը և զբաղեցրել 24-րդ տեղը: Հրում վարժությունում էլ Յայլյանը 115 կգ արդյունքով զբաղեցրել է 19-րդ տեղը:

Այս քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Կոլումբիայի ներկայացուցիչ Յենի Ֆերնանդա Կայսեդոն՝ երկամարտի 234 կգ (101+133) արդյունքով:

Բոգոտայում ընթացող ԱԱ-ում Հայաստանը հաջորդիվ ներկայացուցիչներ կունենա արդեն նոյեմբերի 12-ին: Մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը. երկուսն էլ հանդես են գալիս 89 կգ քաշային կարգում:

Դեկտեմբերի 13-ին մրցահարթակը կտրամադրվի 96 կգ քաշային ծանրորդներին: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Դեկտեմբերի 14-ին աղջիկների մրցավեճում պայքարի դուրս կգան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ Սամվել Գասպարյանը (102 կգ): Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:

Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի:

 

Լրահոս

Դիտել ավելին