Կարևոր իրադարձություններ

Պարոն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն ավարտվելուց հետո. Գոռ Աբրահամյանը՝ հայտնի ձայնագրության քրեական վարույթի կարճման մասին

08 Դեկտեմբեր, 2022 17:06
Պարոն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն ավարտվելուց հետո. Գոռ Աբրահամյանը՝ հայտնի ձայնագրության քրեական վարույթի կարճման մասին

Առավոտից տեղեկություններ են հրապարակվում, որ Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական վարույթը կարճվել է:

Shabat.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Իսկ թե ինչ հիմքով է կարճվել քրեական վարույթը, Գոռ Աբրահամյանն ասաց.

«Բավականին ծավալուն քննություն է իրականացվել, մեծ թվով անձինք են հարցաքննվել, կատարվել են անհրաժեշտ գործողություններ, բայց արդյունքում հանցագործությունը չի հաստատվել:

Ուստի, միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 3 անձի վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, և դատախազը բավարարել է այդ միջնորդությունը: Դրա հիման վրա վարույթ իրականացնող մարմինը կայացրել է 3 անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը»:

Աբրահամյանի խոսքով՝ քրեական վարույթների կարճման հիմքերը սահմանված են քրեական դատավարության օրենսգրքով: Այդ հիմքերից մեկը քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի բացակայության հաստատվելն է, այսինքն՝ երբ հաստատվում է, որ, ըստ էության, հանցագործություն տեղի չի ունեցել: Տվյալ դեպքում դա է հանդիսացել նման որոշում կայացնելու հիմք:

Հարցին, թե լրատվամիջոցների հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանը նշել է, որ առերեսում տեղի չի ունեցել, թեև իրենք դրա անհրաժեշտության մասին նշել են, ՔԿ նախագահի մամուլի քարտուղարն ասաց, որ առերեսումը որպես քննչական գործողություն իրականացնելու ուղղությամբ, վարույթ իրականացնող մարմինը համապատասխան գործուն միջոցներ ձեռնարկել է:

«Պարոն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն ավարտվելուց հետո վարույթն իրականացնող մարմնին: Միջնորդության վերաբերյալ կայացված որոշման մեջ տվյալ հանգամանքը բավականին պարզաբանված է և փոխանցվել է պարոն Վարդազարյանին, այսինքն ինքը տեղեկացվել է կամ կտեղեկացվի, եթե դեռևս չի տեղեկացվել, տվյալ դրվագով, այսինքն այդ քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ քննչական մարմնի դիրքորոշմանը»,-ասաց Գոռ Աբրահամյանը՝ հավելելով.

«Քանի որ վարույթ իրականացնող մարմինը սահմանված կարգով այդ միջնորդության կապակցությամբ որոշում է կայացրել, այդ որոշման մեջ անդրադարձ է կատարվել նաև տվյալ հանգամանքին: Այս պահին կարող եմ միայն ասել, որ վարույթ իրականացնող մարմինը նման քննչական գործողության կատարելու ուղղությամբ պատշաճ գործուն միջոց ձեռնարկել է, մնացածը պարզաբանված է միջնորդության վերաբերյալ կայացված որոշման մեջ, որը փոխանցվել է պարոն Վարդազարյանին»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած իր, Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի զրույցի ձայնագրությունն էր հրապարակել:

Ըստ ձայնագրության՝ Ջհանգիրյանը Վարդազարյանին «համոզում է» հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրգործերը կկարճվեն, և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ։

Նյութեր նախապատրաստելու համար ձայնագրությունը դատախազությունն ուղարկել էր քննչական կոմիտե:

 

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին