Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի դեմ քրգո՞րծ է հարուցվել. «Ժողովուրդ»

08 Դեկտեմբեր, 2022 08:38
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի դեմ քրգո՞րծ է հարուցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ, որի առանցքում քաղաքապետարանի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկն է` աշխատակազմի քարտուղարի Ժ/պ Սեյրան Մեջլումյանը: Մեզ հայտնում են, որ քրգործը «նախաձեռնել է» Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը. այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ:

Ուժայինների ուշադրության կենտրոնում Մեջլումյանի հայտնվելը մեր աղբյուրները անակնկալ չհամարեցին, ավելին՝ նշեցին, որ քաղաքապետի մերձավոր թիմակիցների շրջանում որոշակի խուճապային տրամադրություններ առկա են արդեն տեւական ժամանակ: Հաջողվեց պարզել, որ քրեական գործը, որով անցնում է աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ-ն, ներառում է 10-ից ավելի առանձնացված դեպք:

Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների` դեպքով ձեռք բերված ապացույցների մի մասն է հայտնի Հրաչյա Սարգսյանին ու իր մերձավոր թիմակցին, ուժայինների կողմից դեռեւս տարվում են աշխատանքներ, եւ՝ ոչ անարդյունք:

Այն հարցին, թե ինչն է հիմք հանդիսացել աշխատակազմի քարտուղարին գործի շրջանակներում ներգրավելու համար, պատասխանեցին, որ իրացվել են օպերատիվ տեղեկություններ, մյուս կողմից՝ կասկածներ են հարուցել ինքնակամ շինությունների գործերի ընտրության ու դրանց լուծման ուսումնասիրությունները։ Հարցերին մոտեցել են տարերայնորեն, առանց հստակ մեթոդոլոգիայի: Ամենայն հավանականությամբ, հիմքում եղել են օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո էլ սկսել են ուշադրություն դարձնել վերոնշյալ անձին:

Քննչականի մեր աղբյուրները հայտնեցին, որ հավանաբար սկզբնական փուլում Մեջլումյանի լիազորությունները կկասեցվեն գործը քննող քննիչի միջնորդությամբ:

Հավելենք, որ վերջին շրջանում հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Երեւանի քաղաքապետի ու նրա շրջապատի գործունեության մասին, որոնց կանդրադառնանք հընթացս:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին