Կարևոր իրադարձություններ

Հնարավորություն՝ աշխատաշուկայից դուրս մնացած կանանց համար

06 Դեկտեմբեր, 2022 17:16
Հնարավորություն՝ աշխատաշուկայից դուրս մնացած կանանց համար

Հայաստանում կանանց տնտեսական հզորացմանը նպաստելու, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վերջիններիս ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով մեկնարկում է «Platform #5» կանանց մասնագիտական ուսուցման ծրագիրը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում աշխատաշուկայից դուրս մնացած կանանց թվային մարքեթինգի ոլորտում ձեռք բերել նոր հմտություններ և արժանապատիվ աշխատանքի հեռանկար ունենալ:

Ըստ այդմ՝ ծրագրի շահառու կարող են լինել մարզաբնակ այն կանայք, ովքեր կբավարարեն հետևյալ չափորոշիչներից որևէ մեկին՝

ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում,

գործազուրկ են (չեն աշխատել ծրագրին դիմելուց առնվազն 3 ամիս առաջ),

ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման,

հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանադմություն ունեցող չափահաս անձանց խնամակալ են,

երեք և ավելի երեխա ունեցող մայր են:

Միջոցառման գործընկերն է «Սովորիր Օնլայն» առցանց հարթակը, որի կողմից տրամադրվող թվային մարքեթինգի դասընթացները ներառելու են ավելի քան 40 վիդեոդաս, 500-ից ավելի օնլայն թեստ, խմբային աշխատանքների հնարավորություններ և կարիերայի խորհրդատվություն:

Այս պահին ծրագիրը մասնակիցների հավաքագրման փուլում է․ առաջին փուլն անվճար է սահմանված չափանիշներին բավարարող բոլոր անձանց համար, իսկ երկրորդ փուլն անվճար կլինի միայն առավելագույն միավորներ ստացած 250 մասնակցի համար: Դասընթացների ավարտին վերջիններս կունենան պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև աջակցություն` աշխատանք գտնելու հարցում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ`

սմարթ հեռախոս՝ համացանցին հասանելիությամբ,

համակարգչի հասանելիություն,

բազային թվային գրագիտություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին