Կարևոր իրադարձություններ

Արցախում ծառայությունից կազատվեն 44-օրյա պատերազմի զոհերի եղբայրները. նախագիծ

06 Դեկտեմբեր, 2022 16:26
Արցախում ծառայությունից կազատվեն 44-օրյա պատերազմի զոհերի եղբայրները. նախագիծ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին:

Ըստ օրինագծի հիմնավորման՝ գործող օրենքը, բացի ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։ Սակայն կան 44-օրյա պատերազմում և դրանից հետո Արցախի տարածքում ծավալված մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

Օրենքի նախագծում, անդրադարձ կատարելով ընթացիկ իրավիճակին և խնդիրներին, նշվում է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության, և այդ հողի վրա 2022 թվականի զորակոչի ընթացքում հասարակության շրջանում բարձրացված դժգոհության ալիքն՝ Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների  21-րդ հոդվածում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք  հանդիսացող և իրարից տարբերվող մոտեցումների պատճառով, անհրաժեշտություն է դարձրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաև այդ ընտանիքների անդամներին: 

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է՝ ընդառաջել հասարակության կողմից բարձրացված պահանջին և Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համահունչ պատշաճ ապահովել զինվորական ծառայության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման, զինծառայողների և նրանց ընտանիքների իրավական ու սոցիալական երաշխիքների իրացման գործընթացը, ամրապնդել «Ազգ-Բանակ» գաղափարախոսությունը և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերը Օրենքի 21-րդ  հոդվածի  5-րդ  մասի  կարգավորիչ  հարաբերության  փոփոխմամբ  և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ  օրենքի հետ համապատասխանեցմամբ, ակնկալվում է ապահովվել զորակոչի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: 

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, ««Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, Արցախի Պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Առստամյանի զեկուցմամբ,  ընդգրկված է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի  նիստի օրակարգում:

Հարակից զեկուցողն է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին