Կարևոր իրադարձություններ

Իմ ցավոտ հպարտությունն է. պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ»

06 Դեկտեմբեր, 2022 08:57
Իմ ցավոտ հպարտությունն է. պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարությունն իմ տղան է, իմ համար ամենա-ամենան է»,-այսպես ենք սկսում զրույցը նրա մայրիկի՝ տիկին Աննայի հետ, երբ խնդրում եմ պատմել որդու մասին: Հետո հավելում է՝ մինչ բանակ գնալն ինձ համար երեխա էր: «Երբ վերադարձավ, բացահայտեցի իր լրիվ ուրիշ տեսակը՝ էլ ավելի մեծ հարգանքը ծնողի ու մեծերի նկատմամբ, ընկերներին օգնության հասնելու կարողությունը: Չնայած մինչ բանակն էլ այդպիսին էր: Ընկերական շրջապատում Հարությունը խաղաղության աղավնին էր: Դասղեկն ասում էր՝ երբ փոքր վեճ էր անգամ լինում, Հարությունը կարողանում էր իր հանդարտությամբ, ժպիտով ամենը հարթել: Կռվարար չէր, ընկերասեր էր, ազնիվ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Աննան:

Հարությունը յոթ տարի ուսանել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, ավարտել 2016 թ.-ին, զուգահեռ նաև քամանչայի դասերի հաճախել: Մայրիկի խոսքով, հայրենասիրական երգն իր տարերքն էր, իսկ դպրոցը՝ տունը. «Դաս էլ չունենար, գնում էր դպրոց: Թովմաս Պողոսյանի հետ հրաշալի հարաբերություններ ուներ, դպրոցում իրեն շատ լավ էր զգում»: Տիկին Աննան վերհիշում է՝ փոքր տարիքում որդին ոգեշնչվել էր Ներսիկ Իսպիրյանի երգերով: Նրա մոտ ուսանել չէր ստացվի, և Հարությունն իր ցանկությամբ ընտրեց Ջիվանու աշուղական դպրոցը. «Խենթանում էր հայրենասիրական երգերի համար, գուսան Աշոտի երգերն էր շատ սիրում, որովհետև Սյունյաց լեռներն էր գովերգում: Սովորելու տարիներին նաև երաժշտական գրականություն էին ուսումնասիրում, ծանոթանում աշուղների կենսագրությանն ու ստեղծագործություններին: Հրաշալի ուսուցիչ է ունեցել, մինչև հիմա իր հետ կապի մեջ ենք: Բազմաթիվ համերգների է մասնակցել, պատվոգրեր ունի «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնից: Ամենակարևորը՝ ծափահարությունների է արժանացել»:

Մինչ բանակ գնալը Հարությունը ցանկացել է ընդունվել Կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժին. «Քառօրյա պատերազմից հետո էր: Նա անցնելու փուլում էր, բայց Արցախից երեխաներ էին եկել, որոնք պետք է ստորագրությամբ ընդունվեին: Այնպես ստացվեց, որ Հարությունս չընդունվեց, իրեն հետո Գյումրիի մասնաճյուղ կանչեցին, բայց չգնաց: Որոշեց ծառայությունից հետո սովորել»:

2017 թ.-ի հունվարի 19-ին՝ մայրիկի ծննդյան օրը, Հարությունը զինկոմիսարիատից ծանուցագիր է ստանում: «Միշտ ասում էր՝ պետք է Արցախում ծառայեմ, եթե այնտեղ «չընկնեմ», դիմում եմ գրելու, տեղափոխվեմ, իսկական ծառայությունը պետք է Ղարաբաղում լինի, որ իմանաս՝ հայրենիք ես պաշտպանել:

Հենց Արցախ էլ զորակոչվեց, Մարտունի-3 զորամասում էր ծառայում: Ինձ համար իր ծառայությունը շատ դժվար է անցել: Բանակային ընկերներն են պատմել՝ դիվերսիոն հարձակում է եղել դիրքերի վրա, հետ են շպրտել թշնամուն: Հարությունը հարցրել է՝ տղերք, որ պատերազմ լինի, կգա՞ք: Ընկերները պատասխանել են՝ մեր ծառայությունը վերջանում է, տուն ենք գնալու: Իսկ Հարությունն ասել է՝ բայց ես կգամ: Հետաքրքիր է՝ երբ արդեն զորացրվել էր ՝ անընդհատ ասում էր, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու: Չգիտեմ՝ կանխազգում էր, թե՞ այլ բան»:

Զորացրվելուց հետո օրերից մի օր այցելում է Ջիվանու անվան դպրոց՝ ուսուցիչներին տեսնելու, հանդիպում է մի աղջկա ու սիրահարվում: «Ընկերություն էին անում, աղջիկն էլ Կոնսերվատորիայի ուսանողուհի էր: Մտածում էին ձմռանը նշանվելու մասին: Սեպտեմբերի 26-ին մեր տանն էին: Ասաց՝ մամ, նենց եմ կարոտել Արցախս: Առաջարկեցի՝ գնացեք, շրջեք մի քանի օր: Որոշում էին, թե ով է լինելու իրենց քավորը, այդ օրն անընդհատ կատակներ էր անում: Հաջորդ առավոտյան պատերազմի լուրը ստացանք»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին