Կարևոր իրադարձություններ

Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում. «Փաստ»

06 Դեկտեմբեր, 2022 08:40
Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արևային էներգիայի պոտենցիալի, զարգացման ու առկա խնդիրների մասին զրուցել ենք ՏԿԵ նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանի հետ: Նրա խոսքով, վերջին տարիներին արևային էներգիայի սարքավորումները բավականին էժանացել են, ինչը նպաստել է, որ դրանք մեծ տարածում գտնեն աշխարհում:

«Հայաստանը բավականին հարուստ է արևային էներգիայի պոտենցիալով: Մատչելի սարքավորումների առկայության դեպքում մեր արևը չօգտագործելը խելամիտ չի լինի: Երբ անցած տարի հաստատվեց մինչև 2040 թվականի մեր ռազմավարությունը, ամենակարևոր ուղղություններից մեկը վերականգնվող էներգետիկայի զարգացումն էր: Նախ՝ այն սեփական ռեսուրս է համարվում և էներգետիկ անկախության տեսակետից մեզ կախվածությունից զերծ կարող է պահել, երկրորդ՝ մեր արևը բավականին շատ է, ինչն ինքնին կարևոր բաղադրիչ է: Ռազմավարությունում ունենք թիրախ, ըստ որի, նախատեսվում է 2030-ին արևային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի մեջ հասցնել 15 տոկոսի»,-ասաց նա՝ նշելով, որ նախանշված թիրախին հասնելու նպատակով այս պահի դրությամբ կառուցման փուլում արդյունաբերական նշանակության երկու՝ միջին և խոշոր կայան ունենք:

Վիկտորյա Քեշիշյանի դիտարկմամբ, 2024 թվականի ավարտին կայանները պատրաստ կլինեն. «Խոսքը Գեղարքունիքում գտնվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» և Արագածոտնի մարզում կառուցվող 200 ՄՎտ հզորությամբ «Այգ 1» արևային կայանների մասին է: Բացի այդ, այսօր արդեն ցանցին միացված 369 ՄՎտ հզորությամբ կայաններ ունենք: Դրանք մինչև 5 ՄՎտ հզորություն ունեցող կայաններն են:

Գումարած՝ ինքնավար կայանները, որոնք մեզ մոտ բավականին լայն թափով են զարգանում՝ հաշվի առնելով առաջին հերթին բարենպաստ իրավական դաշտը: Խոսքը սեփական կարիքների համար արևային արտադրություն տեղադրողների մասին է, և այդ իմաստով նրանցից ո՛չ լիցենզիա, ո՛չ էլ որևէ իրավական կարգավորում չէր պահանջվում: Ցանկացած ֆիզիկական անձ կարող էր տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ կայան:

Իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը մինչև 500 կՎտ էր, որը շուկայի ազատականացումից հետո նորից 150 կՎտ դարձավ: Միևնույն ժամանակ, օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել. երբ նշված 500 ԿՎտ-ն իջեցվեց մինչև 150-ի, ստեղծվեց նոր հնարավորություն, ըստ որի, մի քանի արտադրողներ կարող են միանալ, շուկայում հանդես գալ որպես միկոարտադրող կայան՝ մինչև 1050 կՎտ հզորությամբ և մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ հրաժարվելով ինքնավարի կարգավիճակից»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին