Կարևոր իրադարձություններ

Բաղրամյան բնակավայրում հիմնանորոգված մանկապարտեզը վերաբացվել է (լուսանկարներ)

05 Դեկտեմբեր, 2022 15:47
Բաղրամյան բնակավայրում հիմնանորոգված մանկապարտեզը վերաբացվել է (լուսանկարներ)

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրում այսօր ներկա է եղել պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի վերաբացման արարողությանը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Շնորհավորելով մանկապարտեզի վերաբացման նշանակալի օրվա հյուրերին ու բաղրամյանցիներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր որևէ կերպ աջակցել են մանկապարտեզի վերաշահագործմանը՝ նշելով, որ արվում է հնարավոր ամեն բան՝ երեխաների առօրյան գույներով լցնելու համար:

Անդրադառնալով վերջին երկու-երեք տարիների ընթացքում Բաղրամյանում ներդրված միջոցներին՝ մարզպետը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է մանկապարտեզների դերն ու նշանակությունը համայնքներում, և համայնքային ենթակառուցվածքներում իրականացվող աշխատանքների արդյունքում էլ տեսանելի է բնակիչների հավատը իշխանության նկատմամբ:

Մարզպետը բարեմաղթել է բաղրամյանցի փոքրիկներին՝ ընդգծելով երեխաների կյանքում մանկապարտեզի սոցիալական, կրթական, դաստիարակչական առանձնահատկությունը և հավելել, որ մարզային իշխանությունն ուշի ուշով հետևելու է համայնքային աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Միջոցառման ավարտին համայնքային իշխանության պատասխանատուների ուղեկցությամբ Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

1985 թվականին կառուցված մանկապարտեզը երբեք չի վերանորոգվել և 2016 թվականից դադարել է գործել:

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի շենքը մասնակի վերանորոգվել է, որի ընդհանուր արժեքը կազմել է 27.8 մլն դրամ՝ 50% համայնքի և 50% պետության համաֆինանսավորմամբ: Իրականացվել են մանկապարտեզի տանիքի վերանորոգում, հիմքի ուժեղացում, պատուհանների և դռների քանդում և փոխարինում, շենքի սեյսմիկության ուժեղացում:

2019 թվականին համայնքային բյուջեից լրացուցիչ ևս 18 մլն դրամ արժողությամբ իրականացվել են մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներ:

Նույն թվականին մասնավոր ներդրողի և բաղրամյանցիների միջոցներով իրականացվել են մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներ՝ 8 մլն դրամ գումարով։

2020 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմել է 10.2 մլն դրամ, կրկին պետության և համայնքի 50% մասնակցությամբ վերանորոգվել է Բաղրամյանի մանկապարտեզի բակը:

Իսկ արդեն 2019-2020 թթ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մասնավոր ներդրողի միջոցներով իրականացվել են մանկապարտեզի վերանորոգման, բակային տարածքի բարեկարգման, «Focus on Children Now-FCN» բարեգործական կազմակերպության աջակցությամբ խմբասենյակային գույքով և Փարաքար համայնքի միջոցներով՝ խոհանոցային կահույքի ու սարքավորումների ձեռքբերման աշխատանքները։

Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 90 երեխա հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելու հնարավորություն կունենա:

Կստեղծվի նաև երկու տասնյակի հասնող հիմնական աշխատատեղ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին