Կարևոր իրադարձություններ

Կարողացել էր իմ կյանքում բոլորի տեղը լրացնել, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել. «Փաստ»

03 Դեկտեմբեր, 2022 08:37
Կարողացել էր իմ կյանքում բոլորի տեղը լրացնել, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«44-օրյա պատերազմն իր մեջ առավ բոլորիս: Շատերն էին կամավորագրվում և մեկնում ռազմադաշտ՝ հստակ գիտակցելով, թե հապաղումը որքան վտանգավոր կարող է լինել: Բայց այս պատերազմը տարբերվեց բոլոր մյուս պատերազմներից: Այս մեկն ուրիշ էր: Հարձակումն ամեն կողմից էր՝ ցամաքից ու օդից: Մեր այսօրվա հերոսը Վրեժ Պողոսյանն է, նա կամավոր է մեկնել պատերազմ: Վրեժի մասին կինն է պատմում՝ Վիկան: Մեկ տարվա ամուսիններ էին, երբ զոհվեց Վրեժը:

«Միասին էինք 2017 թ.-ից: Համալսարանում էինք ծանոթացել, իր ընկերն ինձ հետ էր սովորում: Եկել էր ընկերոջ մոտ, հենց այդպես էլ ծանոթացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վիկան:

Կնոջ համար մի քանի բառն էլ բավարար է ամուսնուն նկարագրելու համար. «Վրեժն անսահման բարի էր, հասնող, ճշտապահ ու ճշտապահանջ, յուրահատուկ մարդ էր: Առաջին հերթին ինձ համար ինքն ամենալավ ընկերն էր: Բոլորին լրացնում էր իմ կյանքում, բայց իր տեղը որևէ մեկը չի կարող լրացնել: Այդպիսի ամուսին էր: Հրաշալի որդի էր իր ծնողների համար: Իրենք երեք եղբայր են: Հասնող էր, միայն մեկ զանգ, ասեին՝ պետք ես, վայրկյանների ընթացքում հասնում էր օգնության»: Վիկան պատմում է ամուսնու երազանքների մասին: Վրեժը նպատակ ուներ մարզադպրոց բացելու, բայց չհասցրեց:

«Աշխատանքից որքան էլ հոգնած տուն գար, շտապում էր պարապմունքի՝ կարատե և մարտեր առանց կանոնների: Ցանկանում էր մրցաշարի մասնակցել, բայց չհասցրեց: Չորս տարեկանից զբաղվել է կարատե մարտարվեստով, Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Հասել է սև գոտի 2-րդ դան աստիճանի։ Եղել է մարզիչ, ունեցել մրցավարի պաշտոն»,-նշում է Վիկան:

Վրեժը երկու պատերազմի միջով է անցել: 2016 թ.-ին մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Բանակ է զորակոչվել 2014 թ.-ի հուլիսի 29-ին, ծառայել Քարվաճառում՝ հաշվարկի հրամանատար, ավագ սերժանտի կոչումով։ Ժամկետային զինծառայության մեջ է եղել, երբ սկսվել է Քառօրյա պատերազմը: Հետո զորացրվել է, սկսել ապրել բնականոն կյանքով: Իսկ իմ անձնական կարծիքով, պատերազմ տեսած մարդու համար կյանքն այլևս երբեք էլ բնականոն հունով չի ընթանում:

Վիկան ասում է՝ այս անգամ կամավոր մեկնեց. «Չգիտեի, որ ռազմի դաշտում է: Ինձ խաբել էր, ասել, որ Հոկտեմբերյանում զորավարժությունների է մասնակցում: Զոհվելուց հետո եմ իմացել՝ որպես դասակի հրամանատար մեկնել է Արցախ: Երբ պատերազմը սկսվեց, երկու անգամ գնաց, բայց իրեն կես ճամփից հետ էին ուղարկել: Երրորդ անգամ հոկտեմբերի 26- ին է գնացել: Գիտեի, թե զորավարժությունների է մասնակցում, ինձ այսպես էին ասել: Այդ ընթացքում հղի էի»,-պատերազմական օրերն է վերհիշում:

Մինչև հիմա չի կարողանում հասկանալ, թե ինչպես է իրենից թաքցրել, որ պատերազմի դաշտում է, այն էլ՝ թեժ կետերում, այդ մասին արդեն իմացել է, երբ ամուսնու անցած մարտական ուղին են իրեն փոխանցել. «Ամեն օր, օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան պետք է ինձ զանգահարեր: Անպայման պետք է խոսեինք, իրար ձայն լսեինք: Չգիտեմ, թե ինչպես էր կարողացել այնպես անել, որ անգամ ռացիայի ձայնը կողքից չեմ լսել, այն դեպքում, երբ շատ ուշադիր էի ձայների հանդեպ, մեկ շշուկի դեպքում անգամ գլխի կընկնեի ինչ-որ բան»:

Իսկ Վրեժի անցած մարտական ուղին ամրագրված է զորամասի հրամանատարի՝ փոխգնդապետ Է. Խամփերյանի կողմից ստորագրված ու կնքված և ընտանիքին փոխանցված փաստաթղթում. «Պահեստազորի սերժանտ Վրեժ Անդրանիկի Պողոսյանը 2020 թ.-ի հոկտեմբերի 26 -ին զորակոչվել է ծառայության ՊԲ 33651 զորամասում որպես ականանետի հաշվարկի հրամանատար, սակայն զորամասում, ելնելով ստեղծված իրավիճակից և ծառայողական անհրաժեշտությունից, նշանակվել է զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի 3-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի հրամանատարի պաշտոնին։

Վրեժ Պողոսյանը 7-րդ հրաձգային վաշտի ստորաբաժանման կազմում մասնակցել է Վարնկաթաղի բարձունքի պաշտպանողական մարտերին, որի ժամանակ կարողացել է ակտիվորեն կազմակերպել և իրականացնել հակառակորդի գրոհող խմբերի առաջխաղացման կասեցումը՝ պատճառելով կենդանի ուժի բազմաթիվ կորուստներ։

Սերժանտ Վրեժ Պողոսյանը մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկել իր քաջությամբ, բարդ իրավիճակներում արագորեն կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու ունակություններով, որի համար, երբ 3-րդ հրաձգային գումարտակը 2020 թ.-ի նոյեմբերի 1-ին տեղափոխվել է ԱՀ Մարտունու շրջան հակառակորդի դեմ մղվող անհավասար մարտերին 18-րդ դիվիզիայի կազմում մասնակցելու, գումարտակի հրամանատարության կողմից սերժանտ Վրեժ Պողոսյանին է վստահվում դասակի անձնակազմը և առաջադրվում դասակի հրամանատարի մարտական առաջադրանքներ՝ հետագայում դասակի հրամանատարի պաշտոնին նշանակելու և «լեյտենանտ» սպայական զինվորական կոչում շնորհելու նպատակով։

Սերժանտ Վ. Պողոսյանը Մարտունու շրջանում մարտական գործողությունների ժամանակ կարողացել է հմտորեն ղեկավարել իրեն վստահված դասակը, ճիշտ և ժամանակին կատարել իրեն առաջադրված մարտական խնդիրները, կազմակերպել և ջախջախել հակառակորդի գործող խմբերին՝ պատճառելով նրանց կենդանի ուժի կորուստներ, ինչի ժամանակ կազմակերպել և գերեվարել է հակառակորդի 3 զինծառայողի»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին