Կարևոր իրադարձություններ

Ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք՝ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում

01 Դեկտեմբեր, 2022 12:24
Ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք՝ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

«Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության կամ շենքի համար»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են: Որպես օրինակ՝ նախարարը նշեց, որ Երևանում ցանկացած գոտում 5000 քմ շինարարության տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ:

«Մենք առաջարկում ենք տուրքի դրույքաչափերը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիականության: Այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ: Նախատեսում ենք նաև, որ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմի շինարարության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է»,- նշել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին