Կարևոր իրադարձություններ

Գրադարանների աշխատակիցները մասնակցել են «Նորարար գրադարաններ» աշխատաժողովին

01 Դեկտեմբեր, 2022 10:33
Գրադարանների աշխատակիցները մասնակցել են «Նորարար գրադարաններ» աշխատաժողովին

Նոյեմբերի 28-30-ը Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի «Նորարար գրադարաններ» ամենամյա 5-րդ աշխատաժողովը:

2017 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մարզային գրադարանները, Հայաստանի ազգային գրադարանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը, ինչպես նաև տարբեր համալսարանական գրադարաններ մասնակցում են այս յուրահատուկ աշխատարաններին:

Աշխատաժողովի նպատակն է քննարկել թվային տեխնոլոգիաների դարաշրջանում գրադարանային մարտահրավերները, ուսումնասիրել և տարածել գրադարանների լավագույն աշխատանքային փորձը, միջազգային գրադարանային նորությունները: Նորարար գրադարաններն ունեն իրենց առանձին ֆեյսբուքյան խումբը, ինչպես նաև սեփական կայքը, որտեղ պարբերաբար հետաքրքրող թեմաներով հրապարակումներ են արվում գրադարանային գործի աշխատակիցների համար:

«Նորարար գրադարաններ» աշխատարանների նախաձեռնությամբ նախորդ տարիներին մարզային 10 գրադարան ստեղծել է էջեր` գրադարանների մասին հոդվածներ տեղադրելով հայկական վիքիպեդիայում: Սեմինարներ են կազմակերպվել մեդիագրագիտության, կիբերանվտանգության և սոցիալական հարթակներում գրադարանների էջերի կառավարման ուղղությամբ:

Եռօրյա աշխատարանի շրջանակում մասնակից գրադարանների ներկայացուցիչները ներկայացրել են վերջին տարվա ընթացքում իրենց գրադարանների նորարար նախաձեռնությունները և ծրագրերը: Կազմակերպվել են քննարկումներ «Արդյունավետ հաղորդակցություն», «Համակարգիչների խնամք և պահպանություն», «Համակարգչային շտապ օգնություն», «ժամանակակից ստեղծարար ծրագրեր և գործիքակազմ», ինչպես նաև այլ թեմաներով:

Աշխատանքային նիստերը և քննարկումները վարել են Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից և «Նորարար գրադարաններ» աշխատարանների հիմնադիր Ներսես Հայրապետյանը, Երևանի ամերիկյան անկյան համակարգող Նելլի Խաչատրյանը, Լոռու մարզային գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Աշխատարանի հատուկ հյուրն էր «ABN» մեդիա հարթակի տնօրեն Նարեկ Նիկողոսյանը, որը վարել է նաև «PR և մարքետինգի գործիքները» թեմայով ինտերակտիվ քննարկումը:

Աշխատարանը կազմակերպել էր «Ամերիկյան անկյունների բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Եռօրյա աշխատանքներին մասնակցել և գրադարանային ոլորտի խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ  ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն գլխավոր մասնագետ (գրադարանային ոլորտի համակարգող) Նազիկ Հովասափյանը:

Մասնակից մարզային, համայնքային և քաղաքային գրադարանները ծեփագրիչներ են նվեր ստացել ասոցիացիայի կողմից, որը կօգտագործեն մանկապատանեկան խմբերի  ծրագրերում

 

Լրահոս

Դիտել ավելին