Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ. «Փաստ»

01 Դեկտեմբեր, 2022 09:08
Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել է ուժերի փոխհարաբերությունը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Եվ հիմա Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են առիթն օգտագործել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանն իրենցով անելու համար։ Այս հարցում շահերի լուրջ բախում է տեղի ունենում նաև Իրանի հետ, քանի որ Հարավային Կովկասը թուրքական ազդեցության տակ գցելուց հետո հերթը հասնելու է Իրանի քայքայմանը. ի վերջո, թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանական Ատրպատականի անջատումը ևս մտնում է թուրքական պլանների մեջ։

Իսկ այդ նպատակներին հասնելու համար Թուրքիային ու Ադրբեջանին պետք է կտրել Իրանի հյուսիսով անցնող ցամաքային կապը։ Դրա համար էլ Անկարան և Բաքուն անընդմեջ հայտարարություններ են անում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Վերջինիս իրականացման դեպքում պանթուրքական ծրագրերը զարգանալու հնարավորություն են ստանում, իսկ Իրանը կորցնում է Ադրբեջանի բուն տարածքի և Նախիջևանի ու Թուրքիայի միջև հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը։

Չէ՞ որ ներկա պահին այս հաղորդակցությունը տեղի է ունենում հենց Իրանի տարածքով։ Եվ պատահական չէ, որ դեռ այս տարվա ամռանը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել հայ-իրանական սահմանի արգելափակմանը՝ նշելով, որ այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է:

Հասկանալի է, որ Բաքուն առանց Անկարայի չի կարող ինքնուրույն քայլեր ձեռնարկել, դրա համար էլ Իրանի հոգևոր առաջնորդը կոնկրետ Թուրքիայի նախագահին զգուշացրեց։ Իսկ Իրանի նախագահը և արտգործնախարարը բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի սահմանների փոփոխություն տարածաշրջանում։

Այսինքն, Իրանի համար Հայաստանի հետ սահմանի առկայության խնդիրը կենսական նշանակություն ունի։ Եվ այս հարցում Թեհրանը ազդանշաններ է ուղարկում, որ նույնիսկ չի զլանա ռազմական միջամտություն ունենալ, եթե Ադրբեջանը փորձի ուժով միջանցք բացել։ Դրանով է պայմանավորված, որ դեռևս անցյալ տարվա աշնանը Իրանը խոշոր զորավարժություններ իրականացրեց Ադրբեջանի հետ սահմանին, ինչին հետևեցին Նախիջևանում թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն» կոչվող համատեղ զորավարժությունները։ Մեկ այլ խոշոր զորավարժություն Ադրբեջանի հետ սահմանին Իրանը սկսեց այս տարվա հոկտեմբերին, որը հետևեց սեպտեմբերի 12-13-ին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։

Այս անգամ Իրանը Արաքս գետի շրջակայքում ավելի հագեցած և մասշտաբային զորավարժություն իրականացրեց։ Դրանց մասնակցում էին Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված էին նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։ Վարժանքների ընթացքում առաջին անգամ փորձարկվեց տեխնիկայի տեղափոխումը Արաքսի վրա տեղավորված պոնտոնային (շարժական) կամուրջներով։ Իրանը սրանով ցույց տվեց, որ պատրաստ է հարկ եղած դեպքում կոնկրետ ռազմական միջամտություն ունենալ։

Իրանական զորավարժություններին հետևեցին Ադրբեջանի հատուկ ջոկատայինների զորավարժությունները երկրի հարավում։ Իսկ Ալիևը հայտարարեց, թե դրանով իրենք ցույց տվեցին, թե ոչ մեկից չեն վախենում և հարկ եղած պահին կարող են արձագանքել։ Փաստացի, երկու կողմի զորավարժություններն էլ ավարտվեցին, սակայն Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Նախ՝ Իրանը կոնկետ քայլերի անցավ, և Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն՝ ցույց տալով, որ Սյունիքն իրենց համար կարմիր գիծ է»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին