Կարևոր իրադարձություններ

Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

30 Նոյեմբեր, 2022 16:10
Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկ:

Հիշյալ վայրում նկատելով Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ գետնին ընկած ամրանների մոտից վերցրել է մուրճը, մոտեցել հուշարձանին և հարվածել Լեոնիդ Ազգալդյանի դիմապատկերով հուշարձանի քթի հատվածին, կոտրել այն ու դիմել փախուստի՝ պատճառելով 3.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։

Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին