Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

29 Նոյեմբեր, 2022 22:27
«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների հետ համատեղ 2022թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Դ․-ին, սակայն վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից։

Այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված օվալաձև 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6․7 և 17․2 գրամ ընդհանուր քաշերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, «PGN 150» գրառմամբ 8 դեղապատիճ և «B8» գրառմամբ 1 դեղահաբ։

Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ թմրամիջոցներին նմանվող զանգվածները քրեակատարողական հիմնարկ էր բերել՝ կալանավորված անձին փոխանցելու համար։

Քաղաքացի Հ․ Դ․-ն անմիջապես ձերբակալվել է և տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին