Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵԽ աջակցությունը՝ դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

29 Նոյեմբեր, 2022 18:17
Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵԽ աջակցությունը՝ դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ դատավարական օրենսդրության կատարելագործման գործում: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող` «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման, դրա շրջանակներում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթների մշակման, արբիտրաժի և հաշտարարության ոլորտի զարգացման հարցերում ԵԽ ցուցաբերած աջակցությունը:

Դատական ոլորտի օրենսդրության բարեփոխման տեսանկյունից Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵԽ աջակցությունն ըստ անհրաժեշտության և շատ դեպքերում խիստ հրատապ կարգով Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի վերաբերյալ փորձագիտական կարծիքների տրամադրման և Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հարցում:

Մինասյանը հույս է հայտնել, որ գալիք ծրագրերում անպայման կհասցեագրվեն այն բոլոր կարիքները, որոնք բխում են թե Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, թե Արդարադատության նախարարության ոլորտային ռազմավարություններից` ուղղված դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանը և արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի և հաշտարարության զարգացմանը, դատավարական օրենսդրության կատարելագործմանը և այլ կարևոր նախաձեռնություններին:

Հանդիպման ավարտին կողմերը մատնանշել են հետագա անելիքները և ևս մեկ անգամ կարևորել արդյունավետ համագործակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին