Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքից տեղահանվածների ավելի քան 90%-ը վերադարձել է մշտական բնակության վայր. մարզպետ

28 Նոյեմբեր, 2022 13:14
Հեղինակ՝ Կարեն Սարգսյան
Գեղարքունիքից տեղահանվածների ավելի քան 90%-ը վերադարձել է մշտական բնակության վայր. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Սույն թվականի նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էր եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հարցերի շուրջ քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

Միաժամանակ Ալմազ Բուրկուտովը հետաքրքվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության եւ պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ՓԳՀ-ի պատվիրակությանը Գեղարքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ մարդասիրական ծրագրերի իրականացման համար, տրամադրեցի անհրաժեշտ տեղեկատվություն եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ շարունակական համագործակցության մասին իմ պատրաստակամությունը հայտնեցի։

Նշեցի, որ մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ին և ՄԱԿ-ի այլ կառույցներին՝ այդ դժվարին օրերին պատերազմական իրավիճակում հայտնված՝ մեր բնակչությանը պահանջված ու կարեւոր օժանդակություն ցուցաբերելու, հույս ու հավատ ներշնչելու և բոլոր հիմնահարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ձեռնարկման առաջին օրերից մինչ այժմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ մեր համագործակցությունն ընթանում է անխափան և իրականացված ծրագրերն այդ համագործակցության շնորհիվ հասցեական են եւ արդյունավետ։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հետ կապված խնդիրներին, տեղեկացրեցի, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների շնորհիվ՝ մոտ երկու ամիս է, ինչ սկսվել եւ շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։

Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար։

Բնականաբար, այդ ընտանիքներն ունենեն նաեւ այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների և շատ այլ խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների եւ կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք մարդասիրական, թե անվտանգությանը վերաբերող ծրագրեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման եւ բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեկական եւ արդյունավետ իրականացնելու նպատակով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին