Կարևոր իրադարձություններ

Բոլորիս երազներին հայտնվելիս Էդգարն ասում է՝ մի նեղվեք, գալիս եմ». «Փաստ»

26 Նոյեմբեր, 2022 09:20
Բոլորիս երազներին հայտնվելիս Էդգարն ասում է՝ մի նեղվեք, գալիս եմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ Անին է ինձ գրում. «Եղբայրս 44-օրյա պատերազմի ժամանակ է զոհվել, կցանկանայինք իր մասին պատմել»: Պայմանավորվում ենք, և քույրիկը մանրամասն խոսում է կրտսեր եղբոր՝ տան փոքրի՝ սպասված ու սիրված Էդգարի մասին: Էդգարի նկարներին մեկ հայացք գցելիս անգամ ֆիքսում եմ՝ բոլոր նկարներում ժպտում է: Անին էլ եղբոր մասին խոսելիս առաջինը նրա ժպիտն է հիշում: «Այնքան ուրախ մարդ էր, աշխույժ, չէինք կարող պատկերացնել, որ ինչ-որ միջավայրում ինքը կարող է լռակյաց լինել: Շփվող էր, ընկերասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա:

Քույրիկի խոսքերով, իր կյանքի 18 տարում շատ բան հասցրեց անել՝ սովորել, աշխատել, ընկնել ու բարձրանալ: Իսկ ես մտածում եմ՝ 18 տարին ինչ քիչ է ապրելու համար: Փոքրուց՝ իր աշխուժությանը զուգահեռ, նաև խելոք երեխա է եղել Էդգարը: «Դպրոցում իրեն շատ էին սիրում, քաղցրալեզու էր, և անգամ, եթե սովորելու տարիներին ինչ-որ հարցում թերանար, դա երկրորդական պլանում էր հայտնվում ուսուցիչների համար: Սիրում էր մայրենին, անգլերենի հանդեպ հետաքրքրություն ուներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Դպրոցն ավարտելուց հետո սերն ու հետաքրքրությունը Էդգարին տարան դեպի մեքենաները, ցանկանում էր մեքենաների նորոգման բարդ արհեստի բոլոր նրբություններին տիրապետել: Նպատակն էր ծառայությունից հետո էլ ավելի հմտանալ իր գործում, Անին հիշում է՝ միշտ ասում էր, որ ծնողներս չպետք է ինձ պահեն, ես պետք է ծախսերս հոգամ, իրենց էլ թիկունք լինեմ. «Բանակից վերադառնամ, ամեն ինչ կունենամ: Էդգարը հաճախ էր սա ասում, բայց չհասցրեց իր ցանկությունները կյանքի կոչել»:

Բանակ զորակոչվել է 2020 թ. հուլիսի 16-ին: «Պետք է հուլիսի 7-ին զորակոչվեր, սակայն պակասող թղթեր կային, մի քանի օր հետաձգվեց: Մեղմ ասած՝ կռիվ էր անում ուշ գնալու համար, թե որքան շուտ գնամ, այնքան շուտ կվերադառնամ: Առողջության հետ կապված հարցեր կային, որոնք կարող էին որոշ ժամանակով հետաձգել ծառայությունը, բայց որևէ մեկիս չէր ասել, որ գնում է զորակոչային ստուգումների, «պավեստկան» ձեռքը, ուրախ-ուրախ եկել էր տուն, թե՝ գնում եմ բանակ: Ուրախ է գնացել ծառայության, բայց հետաքրքիր բան է՝ ասում էր, ես գնամ ծառայության, կտեսնեք՝ կռիվը սկսվելու է: Ընկերներին էլ է միշտ նույնն ասել: Չգիտենք էլ՝ սիրտն է վկայե՞լ, թե՞ ինչ»,-պատմում է Անին:

Էդգարի երկամսյա ծառայությունն անցել է Կուբաթլիում: Քույրիկը վերհիշում է՝ կարանտին էր, բայց սեպտեմբերի առաջին օրերին ծնողներն այցի են գնացել Էդգարին. «Ինքը նաև խնդրել էր, որ ընկերներն էլ իր մոտ գնան: Մեզ ասաց՝ մի նեղացեք, դուք կհասցնեք դեռ ինձ մոտ գալ, հիմա ընկերներս թող գան, մյուս անգամ էլ՝ դուք: Քույրիկս նոր էր երեխա ունեցել, չկարողացավ գնալ, իմ գնալն աշխատանքի բերումով չստացվեց: Ասացինք՝ ոչինչ, մամայից ու պապայից, ընկերներիցդ կարոտդ առ: Մաման հիմա հաճախ է հիշում այդ օրվա հանդիպումը՝ մեքենան կանգնեց, ու վազելով եկավ մեր գիրկը, ասաց՝ երեխու պես կարոտել եմ ձեզ: Երկու օր մնացել էին Էդգարի մոտ»:

Սեպտեմբերի 14-ից Էդգարը Ջաբրայիլում է եղել՝ զորավարժությունների. «Հետո արդեն պատերազմն է սկսվել, մնացել են այնտեղ: Ընկերների հետ շրջափակման մեջ են ընկել, փրկվել: Հոկտեմբերի 3-ին Ջաբրայիլից իջնում են Կուբաթլի: Բոլորիս հերթով զանգահարեց: Ինձ ասաց՝ մատաղ ունեմ անելու, գիտե՞ս, թե քանի անգամ եմ մեռնելուց պրծել: Պատասխանեցի՝ երկու քույր ունես, մենակ արի, մենք ամեն ինչ կանենք: Հանգստացրեց ինձ, թե արդեն զորամասում եմ, ամեն ինչ հանգիստ է: Հետո պապայի հետ էր խոսել՝ պապ ջան, ամեն ինչից պրծել եմ: Վերջում էլ մեծ քույրիկիս էր զանգել, երկար՝ մոտ մեկ ժամ խոսել էին: Անընդհատ ասել էր՝ Էդգար, անջատի, վտանգավոր է, պատասխանել էր՝ էլ ոչինչ վտանգավոր չի՝ համեմատած նրա, ինչի միջով մենք ենք անցել, ինչի՞ եք ասում անջատի, չե՞ք ուզում հետս խոսեք, ձենս լսեք: Շատ բան էր պատմել՝ շրջափակումից դուրս գալիս մի ընկերը վիրավոր է եղել, մյուսը՝ մահացած, երկուսից ոչ մեկին մենակ չի թողել, ասել է՝ իմ ընկերներին պիտի տանեմ հետս, բայց տեղ հասնելուց հետո վիրավոր ընկերն էլ է մահացել: Անգամ քրոջս ասել էր՝ մեր մասին դեռ երգ չեն գրե՞լ, գիտե՞ք՝ ինչեր ենք արել, ոչինչ, վիդեոներ կբերեմ, կտեսնեք: Երգ է միացնում քույրս, Էդգարը հուզվում է, ասում՝ տղերքն էլ չկան: Իրար հրաժեշտ են տալիս հաջորդ առավոտ խոսելու մտքով»:

Հոկտեմբերի 5-ի առավոտյան անվանականչի ժամանակ ԱԹՍ-ն հարվածում է: Զոհված տղաներից մեկը Էդգարն է լինում, բեկորը թիկունքից սրտին է դիպչում: «Մամային ասում էր, որ ինձ մի բան լինի, չեք կարող ինձ գտնել, զինվորական շորերս վառվել են: Ընկերոջ բուշլատն է հագը լինում, ընկերոջ զինվորական գրքույկը՝ գրպանում: Մտածում են, թե նա է զոհվել: Իր ծնողներին են գտնում, բայց նրանք ասում են, որ իրենց տղան հոսպիտալում է: Նրա միջոցով էլ պարզում են, որ զոհված տղան Էդգարն է, Աբովյանից է: Օրերի ընթացքում ենք իմացել իր զոհվելու մասին, հոկտեմբերի 9-ին հուղարկավորել ենք: Տեսել ենք իր մարմինը, դեմքը, ինչպես կյանքում էր ժպտում, այնպես էլ այդ ժամանակ: Մինչև վերջ ժպիտն իր դեմքին է եղել»,-ասում է Անին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին