Կարևոր իրադարձություններ

Պետական ծառայություններն ավելի հասանելի կլինեն մարզային համայնքների բնակչությանը. «Փաստ»

26 Նոյեմբեր, 2022 08:21
Պետական ծառայություններն ավելի հասանելի կլինեն մարզային համայնքների բնակչությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Կառավարության 2016 թ. հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ, որով սահմանվում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը և այդ գործառույթների իրականացման հետ կապված գործընթացները։ Կառավարության 2019 թ.-ի ապրիլի 11-ի N 400-Ն որոշմամբ օպերատորների ցանկում ընդգրկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ) ունեցող 40 համայնք: Այս նախաձեռնության նպատակը որոշմամբ սահմանված ծառայությունները նաև մարզային համայնքների բնակչությանն ավելի մատչելի և հասանելի դարձնելն էր։

ՔՍԳ-ները ՏԻՄ-երի վարչական շենքերում գործող գրասենյակներ են, որտեղ ծառայությունների տրամադրումը համայնքապետարանի աշխատակազմի կողմից կատարվում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։ Ներկայումս նման գրասենյակներ ունեն միավորված համայնքներից 56-ը, իսկ ՔՍԳ-ների ընդհանուր թիվը հանրապետությունում 75 է։
 
Նշվում է, որ գործընթացը խաթարվել է 2020 թ.-ի մարտից՝ համավարակով թելադրված սահմանափակումների, 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած իրավիճակի, 2021 և 2022 թթ. տեղի ունեցած վարչատարածքային բարեփոխումների և դրանցով պայմանավորված ՏԻՄ ընտրությունների պատճառով։ Նախարարությունը ներկայացնում է վիճակագրություն: Այն համայնքներում, որոնցում ՏԻՄ-ը բավարար չափով բնակչությանն իրազեկել է պետական ծառայություններ ստանալու հնարավորության մասին, գրանցել են բավականին լավ արդյունքներ։

Օրինակ` Ջերմուկ համայնքը 2021թ.-ի հունվարից մինչև 2022թ.-ի հոկտեմբերն ընկած ժամանակաընթացքում պետական ռեգիստրի գործակալության ծառայություններ է տրամադրել 98 դեպքով, նույն ժամանակահատվածում Կադաստրի գործառույթների մասով Արենի, Ջերմուկ և Վայք համայնքները ծառայություններ են տրամադրել, համապատասխանաբար, 152, 72 և 75 դեպքով։ Շիրակի մարզի Ամասիա համայնքն այս տարվա սկզբից մինչև հոկտեմբեր կադաստրի կոմիտեի ծառայություններ է տրամադրել 259 դեպքով։

Այսպիսով, նախագծի ընդունումն անհրաժեշտ է երկու պատճառով: Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում գործող համայնքների թվաքանակը և դրանց անվանումները փոփոխվել են։ 2021 թ.-ի ընթացքում՝ նախկին 441 համայնքների միավորման և բաժանման արդյունքում ձևավորվել է 38 միավորված համայնք, 2022թ.-ին ձևավորվել է 5 միավորված համայնք՝ նախկինում արդեն միավորված 13 համայնքի միավորման արդյունքում։

Այսինքն` անհրաժեշտություն կա հստակեցնել համայնքների ցանկը։ Երկրորդ` ՏԻՄ-երի կողմից պետական ծառայությունների մատուցման մասին նշված վիճակագրական տվյալները, ինչպես նաև այս որոշման հիմքում դրված բուն գաղափարը, այն է՝ պետական ծառայությունների հասանելիության ընդլայնման միջոցով դրանք բնակչությանն ավելի մոտեցնելը, հիմք են տալիս եզրակացնելու, որ պետք է շարունակել քայլեր ձեռնարկել հանրային ծառայությունների ոլորտի բարեփոխումների ուղղությամբ»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին