Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    395
    405

  • EUR

    406,5
    424,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Արփինե Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների, ներքին գործերի նախարարության և սահմանադրական բարեփոխումների ծրագրային ուղղությունները

25 Նոյեմբեր, 2022 12:38
Արփինե Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների, ներքին գործերի նախարարության և սահմանադրական բարեփոխումների ծրագրային ուղղությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի խորհրդի նիստին: Արփինե Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է ծրագրի հիմնական երեք բաղադրիչներին` մարդու իրավունքների, ոստիկանության և Սահմանադրական ոլորտի բարեփոխումներին:

Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում իրականացված աշխատանքները և կարևորել` միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող 2023-2025 թվականների ռազմավարության մշակման աշխատանքները: Ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի աշխատանքներին մեծապես նպաստած e-rights.am էլեկտրոնային հարթակի կարևորության մասին:

Փոխնախարարն անդրադարձել է նաև անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում` Երևանում և Կապանում Բարնահուսի մոդելի պիլոտային ծրագրին, որն իրականացվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Սարգսյանը ներկայացրել է նաև ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու շեշտել, որ այսօր Կառավարության նիստում ներկայացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը, որը հավանության է արժանացել գործադիր մարմնի կողմից:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպմանը, ներառյալ` սահմանադրական բարեփոխումների քարտուղարության աջակցությանը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի, հանրային քննարկումների կազմակերպմանը և հանձնաժողովի անդամների գործունեության մասամբ ֆինանսավորմանը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարևորել են առկա համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել այն:

Նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:

«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ծրագիրը» ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին