Կարևոր իրադարձություններ

Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին

25 Նոյեմբեր, 2022 11:09
Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին

Հայաստանում 2023 թվականից դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ հունվարին սպասվող  միասնական քննությանը մասնակցությունը կլինի ոչ թե պարտադիր, այլ՝ ըստ ցանկության:

2023 թվականից միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին:

Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):

Նա ընդգծել է, որ միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնում են առավելագույնը երկու միասնական քննություն:

«Միասնական քննություններ հանձնող 12-րդ դասարանի շրջանավարտը դիմում է իր դպրոցի տնօրենին, ստանում է անձնական համարը և հայտագրվում Գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում: Իսկ բոլոր այն դիմորդները, ովքեր դպրոցում չեն սովորում, այսինքն՝ նախորդ տարիների շրջանավարտները արտերկրի դպրոցների շրջանավարտները, քոլեջների շրջանավարտները կարող են դիմել այդ նպատակի համար առանձնացված դպրոցների տնօրեններին և ստանալ իրենց հայտագրման անձնական համարը»,- ասաց խոսնակը:

Նա հավելել է, որ ցանկացողները կարող են հայտագրվել նաև ինքնուրույն, բայց անհրաժեշտության դեպքում  հնարավորություն ունեն դիմել համապատասխան դպրոցների օպերատորների օգնությանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին