Կարևոր իրադարձություններ

Team-ի «Շեյքիր» ակցիան՝ քողարկված օնլայն խաղատուն. «Հրապարակ»

25 Նոյեմբեր, 2022 09:33
Team-ի «Շեյքիր» ակցիան՝ քողարկված օնլայն խաղատուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այն օրվանից, երբ «Յուքոմից» առանձնացած Եսայան եղբայրները ձեռք բերեցին Հայաստանում գործող Beeline ընկերությունն ու դարձրին այն Team Telecom Armenia, նրանց մատուցած բջջային ու ինտերնետ կապի որակը սկսեց կտրուկ վատանալ։ Երբեմնի «Բիլայնի» հաճախորդների դժգոհություններն այսօր պարբերական բնույթ են կրում՝ գրեթե ամեն օր։ Ընդ որում, դժգոհում են թե՛ բջջային, թե՛ ինտերնետ կապից։ Բայց դա չի խանգարում, որ Team-ի թիմն ագրեսիվ գովազդային արշավ իրականացնի՝ իր մատուցած ծառայությունների որակը բարելավելու փոխարեն։ Թեպետ նրանց օպերատորները ցանկացած դժգոհությունից հետո հպարտորեն հայտարարում են, թե իրենք ամենօրյա աշխատանք են տանում որակի լավացման ուղղությամբ, բայց արդեն մեկ տարի է՝ նույն վիճակն է։

Փոխարենը ընկերությունն ամենուր գովազդում է իր ծառայությունները՝ տարատեսակ գայթակղիչ առաջարկներ անելով հայ սպառողին։ Դրանցից մեկն անգլերեն անվանումով Shake («Շեյքիր») ակցիան է՝ «Շեյքի՛ր եւ շահի՛ր» կարգախոսով։ Այն ոչ այլ ինչ է, քան օնլայն բեթթինգ՝ քողարկված բջջային օպերատորի անվան տակ։ Եվ այն, որ դա օնլայն կազինոյի մեթոդով ակցիայի իրականացում է, չհերքեցին հենց Team Telecom Armenia-ից։ Ակցիայի շրջանակներում տարատեսակ անակնկալ նվերներից բացի, մասնակիցները հնարավորություն ունեն վերջում շահելու նաեւ Volkswagen ID.4 էլեկտրական ավտոմեքենա, որն իր ամբողջ ծավալով այս պահին կանգնած է Հյուսիսային պողոտայում՝ Team-ի մեծածավալ պաստառներով պատված պատվանդանի վրա։ 

Մինչդեռ Երեւանի կենտրոնում անգամ մի փոքր ցուցանակ սեփական խանութի պատին տեղադրելու համար լուրջ խնդիրներ ու բյուրոկրատական քաշքշուկներ են առաջանում՝ Երեւանի քաղաքապետարանը մերժում է։ Այս պարագայում, փաստորեն, հեշտությամբ համաձայնել են մի քանի քառակուսի մետր մակերեսով տարածք տրամադրել Team Telecom Armenia-ին՝ Երեւանի ամենակենտրոնական ու մարդաշատ փողոցներից մեկում անճաշակ ու ոչ հայեցի գովազդի համար։

Առհասարակ, քաղաքում ամեն քայլափոխի նրանց ակցիան ու բրենդը գովազդող հսկայածավալ պաստառներն են, այս ընկերությունը նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակման գլխավոր հովանավորն է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ անում են, որ Team-ը դառնա Հայաստանի առաջատար բջջային օպերատորը, որոշ հարցերում գուցե մոնոպոլ դիրք գրավի, որին մենք հետագայում առանձին կանդրադառնանք»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին