Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է Հայաստանի բնապահպանական կատարողականի գնահատման 2-րդ զեկույցը

24 Նոյեմբեր, 2022 18:56
Քննարկվել է Հայաստանի բնապահպանական կատարողականի գնահատման 2-րդ զեկույցը

ՀՀ ՇՄ նախարարը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընդունել եմ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ՄԱԿ ԵՏՀ) ստեղծվել է 1947 թվականի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից։ Այն ՄԱԿ-ի 5 տարածաշրջանային հանձնաժողովներից մեկն է։ Հայաստանը ՄԱԿ ԵՏՀ անդամ է հանդիսանում 1993 թվականի հուլիսից։

Ողջունելով պարոն Մարիյասինին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախ անդրադարձել եմ Հայաստանում որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի նրա նախորդ գործունեության շրջանին։

2018 թվականից շուրջ չորս տարի պարոն Մարիյասինը պաշտոնավարել է Հայաստանում որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ։ Այդ ընթացքում նրա ջանքերով և աջակցությամբ մեր երկրում շատ բնապահպանական ծրագրեր են կյանքի կոչվել։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և Շրջակա միջավայրի նախարարությունը համատեղ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են ինչպես բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այնպես էլ՝ ազգային օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործմանը:

Իմ շնորհակալությունն եմ հայտնել այդ առաքելության համար և վստահեցրել, որ մենք հետամուտ ենք բոլոր ծրագրերի հաջող ընթացքին։

Շատ ուրախ եմ, որ այժմ Հայաստանը լավ ճանաչող բարեկամ-գործընկեր ունենք ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում։

Իմ վստահությունն եմ հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա մեր համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Դմիտրի Մարիյասինն իր գոհունակությունն է հայտնել միջազգային հարթակներում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ակտիվ ներկայացվածության, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում կայացած «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» նախարարական համաժողովին և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին՝ COP27-ին բարձրաստիճան մակարդակով մասնակցության համար։

Առավել մանրամասն անդրադարձ է կատարվել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 5 բնապահպանական կոնվենցիաներին,որոնցից Հայաստանը ստորագրել և վավերացրել է 4-ը։

Ներկայացրել եմ յուրաքանչյուրի մասով ընթացիկ աշխատանքները, դրանց առնչվող ոլորտային օրենսդրական բարեփոխումները․ պայմանավորվածություն ենք ձեռք բերել տարվող աշխատանքների ընթացքն առավել ակտիվացնել։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի բնապահպանական կատարողականի գնահատման 2-րդ զեկույցը (EPR) ։

Հանդիպման ավարտին առաջարկել եմ դիտարկել նաև համագործակցության նոր շրջանակներ և իմ պատրաստակամությունն հայտնել շարունակել գործնական քայլերը փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունների ընդլայնման բարենպաստ պայմանների ձևավորման գործում՝ նկատի առնելով ՄԱԿ ԵՏՀ գործառույթների համապատասխանությունը ներկայումս շրջակա միջավայրի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին